Նոր իշխանությունը թանկ է նստում հարկատուներիս վրա, մեկ միլիարդ հավելյալ գումար Աժ-ին

Նախատեսվում է 4 ռենտգենային զննող սարք ձեռք բերել, որոնցից երեքը տեղակայվելու են անցակետերում

Պատգամավորների թվի ավելացմամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի բյուջեն չի բավարարում:ԱԺ-ն ըստ այդմ դիմել է կառավարությանը կլորիկ գումարի խնդրանքով, խոսքը մոտ մեկ միլիարդ դրամի մասին է։  Խորհրդարանը կառավարությունից մի նախագծով 892 միլոն 600 հազար դրամ հավելյալ գումար է խնդրել , հիմնավորումն այն է, որ 2019 թվականին 59-ով ավելացել է խորհրդարանի աշխատակիցների թիվը պայմանավորված   պատգամավորների եւ մշտական հանձնաժողովների թվի ավելացմամբ։  Հետեւաբար նոր աշխատողների  աշխատավարձի համար պահանջվում է 403 միլիոն դրամ։ Այս գումարի մեջ է մտնում նաեւ վեցերորդ գումարման ԱԺ-ի որոշ աշխատակիցների վերջնահաշվարկը: Կառավարության այսօրվա նիստում սույն նախագիծը ընդունվեց, ըստ այդմ մոտ  94 միլիոն դրամ էլ պարգեւավճարների համար են պահանջել։

27 պատգամավորի, որպես պատգամավորական գործունեության փոխհատուցման վճար, տրվելու է 16 մլն 200 հազար դրամ, իսկ 25 պատգամավորի բնակարանի վարձի փոխհատուցման համար՝ 30 մլն դրամ: Արտասահմանյան գործուղումների համար այդ  գումարից հատկացվելու է 301 մլն 802 հազար դրամ, որից 118 մլն 285.7 հազար դրամը՝ պայմանավորված պատգամավորների թվի, և 183 մլն 516.3 հազար դրամը ՝ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցերի (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ) ավելացմամբ: Մեկ այլ նախագծի համաձայն էլ կառավարության պահուստային ֆոնդից 85 մլն դրամ գումար կհատկացվի ԱԺ-ին  տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով:

Նախատեսվում է 4 ռենտգենային զննող սարք ձեռք բերել, որոնցից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ԱԺ նախագահի մուտքի մոտ: «Ազգային ժողովի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: Նշված սարքավորումները տեղակայվել են ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից՝ ՀՀ ԱԺ անվտանգության ապահովման համակարգին իրավիճակային լուծում տալու նպատակով և բնական է, որ ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում արտացոլված չեն: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պահանջով իրականացվել է առկա սարքավորումների ուսումնասիրություն, և համաձայն ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հասցեագրված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan  519 s/n 064588N և Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավորումները շահագործվում են դեռևս 1998թ. և արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի:

Այդ սարքավորումներն արդեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետևանքով անհրաժեշտ պահեստամասերով ապահովումը դարձել է առավել դժվար և բավականին ծախսատար: ՀՀ ԱԺ Բաղրամյան անցակետում տեղադրված Rapiscan 520HMP s/n 60429N08 ռենտգենային զննող սարքավորումը այլևս վերանորոգման և շահագործման ենթակա չէ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար ենք գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տալու նպատակով» նշված է նախագծի հիմնավորման մեջ : Այսպիսով՝ ստացվում է, որ Ազգային ժողովին տրվելու է մոտ մեկ միլիարդ դրամ: