«Ամենակարևոր «ՍանիՏեքը» բնակչությունը պետք է լինի». Արթուր Մեսչյան

Մեր սերը երկրի, պետության նկատմամբ մի քիչ էլ մեր անձնական պատասխանատվությունից է կախված

Երևանում ամենահզոր և առաջին «ՍանիՏեքը» բնակիչներն են։ Աշխարհի ամենահրաշալի, «պուպուշ», մարմարակերտ «ՍանիՏեքն» էլ եթե գա Հայաստան՝ զինված աղբատար մեքենաներով, ի վերջո, ամենակարևոր «ՍանիՏեքը» բնակչությունը պետք է լինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Երևանի աղբահանության հետ կապված խնդիրներին։

«Մեր սերը երկրի, պետության նկատմամբ մի քիչ էլ մեր անձնական պատասխանատվությունից է կախված։ Մոտեցումը՝ բոլորին՝ օրենքներով, բայց ինձ՝      ոչ, այլևս չի գործում»,- հիշեցրեց Երևանի գլխավոր ճարտարապետը։

Անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող շենքի ճակատագրին, որի պատը հունվարին փլուզվել էր, Արթուր Մեսչյանն ասաց, որ պատը փլուզվելուց հետո Իտալիայից մասնագետ է եկել Հայաստան և իրականացրել նախագիծ, որն արժանացել է քաղաքապետարանի դրական եզրակացությանը։

«Այդ նախագիծը հետո գնաց կառուցապատողի մոտ, որն այն ուսումնասիրելուց հետո պետք է սկսեր այդ կառույցի վերանորոգումը։ Մինչև այսօր ոչինչ չի արվել, մենք այժմ այդ կառույցի նկատմամբ որևէ պատասխանատվություն չունենք։ Ես չեմ հասկանում, թե այնտեղ ինչ է կատարվում, 200 հազարի ինչ-որ ծրագիր էին մշակել պատն ամրացնելու համար, ո՞ւր է այդ գումարը, ո՞վ պետք է տա, ախր թեմաներ են պտտվում, որոնք մեր իրավասություններից դուրս են։ 100 տոկոսով Մշակույթի նախարարության գնդակն իրենց դաշտում է՝ և՛ կառուցապատողի, և՛ սեփականատիրոջ։ Եթե այսօր Մշակույթի նախարարությունն իր ֆունկցիան ավարտել է, ուրեմն կառուցապատողը սեփականատիրոջ հետ պետք է այդ հարցերը լուծեր։ Երբ Արամի 23-ի հետ կապված ինձ հարց եք տալիս, ի՞նչ պետք է պատասխանեմ»,- ընդգծեց Ա. Մեսչյանը։