«Ոսկե ծիրան» կինոփառատոնը նոր տարբերանշան կունենա

Այս տարի մի փոքր խախտել ենք ավանդույթը, դեկտեմբերից նշել էինք, որ հնարավոր է՝ փառատոնը մի փոքր փոփոխություն կրի. կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյան

Ամռանը մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվանա սպասված և նշանավոր իրադարձությամբ: Արդեն տասնվեց տարի է՝ Հայաստան են ժամանում կինոսերները, ռեժիսորները, պրոդյուսերները՝ մասնակից լինելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ բանախոսները ներկայացրին այս տարվա փոփոխությունները, ինչպես նաև «Ոսկե ծիրանի» ընթացակարգը:   

«Այս տարի մի փոքր խախտել ենք ավանդույթը։ Դեկտեմբերից նշել էինք, որ հնարավոր է՝ փառատոնը մի փոքր փոփոխություն կրի: Մենք այսօր ներկայացնում ենք փառատոնի նոր լոգոն: Երբ աշխատանքները սկսեցինք, հասկացանք, որ նոր գաղափարները պետք է արտահայտենք նոր լոգոյով»,- նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը։

Նոր տարբերանշանի դիզայները Վիլյամ Կարապետյանն է, ում հետ մոտ երեք ամիս աշխատել են վերջնական տարբերակը ստանալու համար: Հասմիկը նշում է, որ մինչև փառատոնն այն արդեն ավարտուն տեսք կունենա:   

«Ինչպես գիտեք, ապրիլի 15-ին փակվեց ֆիլմերի հայտերի ընդունումը: Մենք այս տարի ստացել ենք 740 ֆիլմի հայտ: Այդ ֆիլմերի մի մասը տեղ կգտնի փառատոնի շրջանակներում։ Այս տարի ներկայացված են լինելու վավերագրական, ինչպես նաև խաղարկային ֆիլմեր»: