Ժամանակ է, որ Փաշինյանը գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցը արդեն լուծել են

Արցախի հիմնախնդիրն ունի գոյաբանական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար

Եկել է ժամանակը, որ պարոն Փաշինյանը գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցն արդեն լուծել են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Հերթական անգամ փորձ արվեց նսեմացնել եւ արժեզրկել Արցախյան հերոսամարտը` փառապանծ զինվորականներին անթույլատրելի ձեւով կպցնելով «կոռուպցիոների, պագոնի տակ հաստավիզ գեներալների, սերմացու գողացող մկների» վիրավորական եւ իրավաբանորեն ոչ մի կերպ չհիմնավորված որակումը:

Իշխանության կողմից տարվող քաղաքականության մեջ արդեն կարելի է նշմարել Արցախյան հերոսամարտի նկատմամբ քամահրական վերաբերմունքի կոնկրետ դրսեւորումներ, որոնք սկսվեցին հայտնի «հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան հաղթանակը» արտահայտությամբ, որին հաջորդեց Արցախի պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի պարտադրված հրաժարականները,, Արցախ - Հայաստան արհեստական բաժանումները եւ վերջապես «Արցախում հեղափոխություն սկսելու» երեկվա սպառնալիքը:

Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ պարոն Փաշինյանը գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցը ԱՐԴԵՆ ԼՈՒԾԵԼ են` իրենց կյանքի եւ առողջության գնով:

Ուզում եմ որ բոլորի, այդ թվում նաեւ նախկին, ներկա եւ ապագա բոլոր իշխանությունների, համար հստակ ու հաստատված լինի երկու կարեւորագույն հանգամանք.

1. Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ձեւավորվել եւ կայացել է Արցախյան հիմնահարցի եւ հերոսամարտի արդյունքում եւ որ Արցախի հիմնախնդիրն ունի գոյաբանական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար,

2. Ոչ ոք իրավունք չունի նսեմացնել ազատագրական պայքարի մասնակից ցանկացած զինվորի, էլ չեմ ասում փառապանծ եւ հերոս հրամանատարների Արցախին եւ Հայաստանին մատուցած ծառայությունների գինն ու նշանակությունը:

Ենթադրյալ իրավախախտումների եւ յուրացումների մասին խոսելիս անհրաժեշտ է հարգել անմեղության կանխավարկածը եւ մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքը:

Հ.Գ. «Սերմացու գողացող մկներից» մի քանի ֆիգուրանտներ նախորդ իշխանության կողմից ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, սակայն ներկայումս զբաղեցնում են բարձր պաշտոններ այսօրվա իշխանության մեջ»: