Դավիթ Տոնոյանն ընդունել է CMEP ծրագրի ղեկավարին

Կարեւորել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է  ազգային եւ համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական  ծրագրի (Civil military Emergency Preparedness  Program - CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին եւ փորձագետ Կարլ Ֆրանցին:

Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, հյուրերը նշել են, որ CMEP գնահատման` պատրաստվածության եւ արձագանքման ազգային կարողությունների մասին համապարփակ վերլուծության արդյունքում կներկայացվի զեկույց, որում ներառված առաջարկությունները հնարավորություն կտան բարելավել համապատասխան իրավական շրջանակը, ոլորտային քաղաքականությունները, հստակեցնել պետական առանցքային շահագրգիռ կողմերի դերերն ու պարտականությունները, այդ թվում` ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ` աղետներին արձագանքելու կարողությունները:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր  է գնահատել խմբի աշխատանքները քաղաքացիական պատրաստվածության կարողությունների զարգացման նպատակով, կարեւորել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները:

CMEP ծրագիրը, որը համակարգվում է Անվտանգության կառավարման ինստիտուտի կողմից, իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության եւ ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հետ համագործակցության շրջանակներում: