3–6 տարեկան երեխաների մոտ սեքսուալ զգացողություններ չեն լինում

Բժիշկ–սեռաբանը՝ «Իմ մարմինն անձնական» է գրքի մասին, մասնագետի խոսքով սա կարող է խեղաթյուրել երեխայի հոգեկան առողջությունը եւ ներդաշնակ մարդ ձեւավորումը

Մի քանի անգամ ուշադիր կարդացել եմ եւ պետք է ասեմ, որ մասնագիտական տեսանկյունից գիրքն իսկապես կազմված է մեղմ ասած անգրագետ ձեւով։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բժիշկ–սեռաբան Նարինե Ներսիսյանը, անդրադառնալով «Իմ մարմինն անձնական» է գրքին, որն ըստ գրքի հեղինակների նախատեսված է 3–6 տարեկան երեխաների համար։

Նրա խոսքով գրքում կոպիտ սխալներ կան, թե երեխաների, թե ծնողների համար։

«Այն ոչ թե ծառայում է իր բուն նպատակին, կանխելու սեռական բռնության երեխաների նկատմամբ, այլ հակառակը կարող է ավելի շատացնել այդ բռնության երուույթը ու նույնիսկ ստեղծել բռնարարներ՝ պեդոֆիլներ եւ զոհեր պեդոֆիլ անձանց»,– ասաց բժիշկ–սեռաբանը։

Խոսելով գրքի նկարներից, նա անդրադարձավ մի նկարի, ասելով, որ պատկերված են այնպիսի կետեր, որ այդ տարիքում չպետք է երեխայի ուշադրությունը կենտրոնացնել այդ ուղղությամբ։

«Նկար կա, որտեղ 3 կետով նշված են այն հատվածները, որոնք հատկապես օժտված են սեռազգայունությամբ եւ մատնանշվում է, որ այդ հատվածներին հպվելը կարող է առաջացնել սեռազգայական հաճույք։ Սա կարող է արթնացնել հակում այն դեպքում, երբ այդ տարիքում ընդհանրապես նմանատիպ հակումներ չպետք է արթնանան առողջ հոգեսեռական տեսանկյունից։ 3–6 տարեկան երեխաների մոտ սեքսուալ զգայական զգացողություններ չեն լինում»,– ասաց Ներսիսյանը։

Մասնագետի խոսքով սա կարող է խեղաթյուրել երեխայի հոգեկան առողջությունը եւ ներդաշնակ մարդ ձեւավորումը։

Հիշեցնենք, որ մայիսի 4–ին որ, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում սեռական:

«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը եւ այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն: