Բանակցություններով Արցախի հարցի քաղաքական կարգավորում չի լինելու

ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը մասնակցում է Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում

Այսօր ակտիվացած ուժեր խոսում են խաղաղության մասին, ինչ խաղաղության մասին է խոսքը. խաղաղությունը չի տրվում սեմինարներով, այն խաղաղությունը, որը մեզ պետք նվաճվում է: Այդ մասին Արցախում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում ասաց քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց.

«Այս ամենը մի մեծ գործընթացի առաջին քայլն է, եւ այսօր երեկոյան իրարից բաժանվելով չենք համարելու, որ ինչ-որ գործ ենք արել ու էլի շարունակենք մեր առօրյայով զբաղվել: Ուզում եմ վստահություն հայտնել, որ սա բազմակողմանի, բազմավեկտոր եւ համահայկական գործընթացի սկիզբ է: Բոլորիս այստեղ հավաքել է մեր խորը մտավախությունը, որ ունենք ընդհանրապես մեր երկու պետականությունների անվտանգության վերաբերյալ, ահագնացող վտանգների վերաբերյալ: Իհարկե, ողջունում եմ նման փաստաթղթի ստորագրումը երկու պետականությունների կողմից, եւ փորձեմ շարադրել՝ ինչ գործընթացներ է ստեղծում: Զուտ պայմանականորեն ցանկանում եմ բաժանել դրանք մի քանի մասի՝ արտաքին քաղաքական, բանակցային եւ անվտանգության հետ կապված:

Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գոյություն չունի միջագզային իրավունք, գոյություն չունի անվանգության այն համակարգը, որը ձեւավորվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս իրավիճակում առավել կարեւոր եմ համարում, որ Հայաստան- Արցախ ռազմավարական դաշինքից հետո նոր կապ հաղորդվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին: Եւ այս խնդիրը բանակցային սեղանի վրա չէ, որ լուծվելու է, իշխանությունների կողմից չէ, որ միայն լուծվելու է: Մի քանի անհրաժեշտ քայլ ասեմ.կան երկրներ, որոնց խորհրդարաններում ավելի քան հնարավոր է ճանաչման խմբեր ձեւավորել, ԱՄՆ, Ֆրանսիա եւ այլն: Այս ուղղությամբ պետք է մեծագույն աշխատանք տարվի: Խոսվեց հիբրիդային պատերազմի մասին, եւ այդ պատերազմում պետք է կարողանալ առաջ տանել մեր շահերը, որովհետեւ արտաքին քաղաքականության ողնաշարը կրկնակի ստանդարտներն են: Եկեք չբողոքենք որեւէ երկրից, որ կիրառում է կրկնակի ստանդարտներ, քանի որ առանց կրկնակի ստանդարտների գոյություն չունի արտաքին քաղաքականություն: Բայց ներքին քաղաքականությունում կրկնակի ստանդարտները դառնում են աղետ:

Բանակցային գործընթացում անհրաժեշտ է մեզ ձեռնտու օրակարգ, դաշնակիցների, բարեկամների նոր ձեռբերումներ, միաժամանակ չմոռանալով կարեւոր հարցը՝ բանակցություններով խաղաղություն չի լինելու, եկեք միամիտ չլինենք: Բանակցություններով քաղաքական կարգավորում չի լինելու, քանի որ հակառակորդի նպտակը, ոչ թե այսպես ասած «գրավված տարածքները», եւ այն հողը, որտեղ մենք հիմա գտնվում ենք գրավելն է, այլեւ հայոց պետականությունների ոչնչացումն է: Իրենք ցանկանում են օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից եւ դա լուծել: Մենք պետք է սրան պատրաստ լինենք:

Անվանգության մասին խոսելիք պետք է ի նկատի ունենանք միացումը՝ Արցախի միջազգային ճանաչման եւ միջազգային սուբյեկտ դարձնելու միջոցով: Անվանգության համակարգը պետք է կառուցված լինի այս դրույթի վրա: Երբ որ այսօր ակտիվացած ուժեր խոսում են խաղաղության մասին, ինչ խաղաղության մասին է խոսքը: Որն է խաղաղությունը: Կապիտուլյացիա ստորագրելն էլ է խաղաղություն կողմերի համար: Խաղաղությունը բարձր արժեք է: Բայց Արցախի անկախությունը, Հայաստանի անկախությունը, մեկ հայրենիք՝ երկու պետությունը դրանք շատ ավելի բարձր արժեքներ են: Խաղաղությունը չի տրվում սեմինարներով, խաղաղությունը նվաճվում է, այն խաղաղությունը, որը մեզ պետք է:

2011թ.-ից անընդհատ ասվում է, որ Ադրբեջանի ռազմական ներուժը քսան անգամ գերազանցում է Հայաստանինը եւ Արցախինը: Խորհրդային միության փլուզումից հետո ասում էին, որ Ադրբեջանը հինգ անգամ ավել սպառազինություն ունի, նրա մարդկային ներուժն ավելի մեծ է եւ որեւէ ռազմական հաջողություն լինել չի կարող: Սրանք թյուր պնդումներ են, որոնք աշխատում են մեր դեմ: Սպառազինությունների մակարդակով մենք արդեն մոտ ենք այն իրավիճակին, ինչը որ ութսունականներին ասում էին Խորհրդային միության եւ ԱՄՆ-ի մասին:

Չափազանց կարեւոր եմ համարում, որ այս հարցերի շուրջ չունենանք քաղաքական տարրաձայնություններ, ինչպես չենք ունցել Արցախի պատերազմի ժամանակ: Եւ,վստահ եմ, որ դրա վառ վկայությունը այս միջոցառումն է: Մեր մեծագույն նվաճումներից մեկը 2016թ. ապրիլին հայության համախմբումն էր, ինչը դրսում շատ շատերին մտահոգել էր: Հիմա փորձ է արվում սեփ խրել դրա մեջ»: