Հայտնաբերվել են հրդեհված Sukhoi Superjet 100-ի «սև արկղերը»

Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրում հայտնաբերվել է մի քանի «սև արկղ», հայտնում է kp.ru-ն:Աղբյուրի տվյալներով, Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավի ևս երկու «սև արկղ» դեռ պետք է հայտնաբերվի:

Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել: