Կիրթ ու խաղաղասեր Ալիևը կամաց-կամաց դիրքավորվում է

Վերջին շրջանում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ

Վերջին շրջանում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով, այսօր հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն Պաշտպանության բանակի առաջնային դիրքերը, այլև մարտական հերթապահություն իրականացնող հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները: Մասնավորապես՝ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել ՊԲ արևելյան (Ակնա) հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը բանակի հյուսիս-արևելյան (Մատաղիսի) հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց», - ասված էր օրերս հաղորդագրությունում:

Արցախի ռազմական գերատեսչությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ փաստի վերաբերյալ՝ միաժամանակ կոչ անելով ադրբեջանական կողմին «ձեռնպահ մնալ իրադրությունը արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից»:

Սա թերևս, Ադրբեջանի կողմից պատասխան է Հայաստանի իշխանությունների անհոգությանն ու հանդարտությանը: «Կիրթ» ու «խաղաղասեր» Ալիևը կամաց-կամաց իրավիճակը բերում է լարման փուլի:
Ավելին՝ վերջին լարվածությունը տեղի ունեցավ Թուրքիայի Ադրբեջանի կողմից համատեղ զորավարժությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան համակարգում էին ռազմական ստորաբաժանումների համատեղ գործողություններն ու գործակցությունը, բարձրացնում երկու երկրների զինուժի մարտունակությունը: Բաքվի մերձակայքում մոտ հազար զինծառայողների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական եռօրյա զորավարժություններն ավարտվել են:

«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք - 2019» անունը կրող զորավարժություններում ներգրավված էին շուրջ վեց տասնյակ միավոր ռազմական տեխնիկա, երեք տասնյակ միավոր հակատանկային, հրետանային տեխնիկա, շուրջ քսան ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, երկու երկրների հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրներ։ Թուրքական կողմի վարժանքների ղեկավար Մուրադ Դիրիքի խոսքով՝ թուրքական բանակից մասնակցում է նաև 85 զինվորականներից կազմված մոտոհրաձգային ջոկատը:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համատեղ այս զորավարժությունների ֆոնին պաշտոնական Բաքուն նշեց Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի հետ համագործակցության 25-ամյակը: 1994 թվականի մայիսի 4-ին էր, երբ Լեռնային Ղարաբաղի հետ այդ օրերին դեռևս պատերազմող Բաքուն պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս հայտարարել է, թե Բաքուն մտադիր է ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական համագործակցությունը, և այդ ուղղությունը ադրբեջանական զինված ուժերի առաջնահերթություններից է: 29 անդամ պետություն ընդգրկող Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ թույլ է տալիս արդյունավետ բարեփոխումներ իրականացրել ադրբեջանական զինված ուժերում:

«Մենք գիտակցում ենք, որ գլոբալացման դարաշրջանում ցանկացած հակամարտություն կամ առճակատում անխուսափելիորեն ազդում է այլ երկրների վրա: Հանուն Եվրատլանտյան տարածքում խաղաղության և անվտանգության՝ Ադրբեջանը կշարունակի գործընկերությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ», - ասվում է պաշտպանության նախարարի տարածած հայտարարությունում: Զաքիր Հասանովը նաև ընդգծել է․ - «Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի վճռական դիրքորոշումն արժանի է գովասանքի»:

Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Ադրբեջանի հետ համագործակցությունը, իր հերթին, բարձր է գնահատում Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը՝ ակնկալելով երկկողմ ռազմական համագործակցության խորացում: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի օդուժի գլխավոր մարշալ Սթյուարթ Փիչը՝ նրա ուղերձը հրապարակվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքէջում: «Այսօր մենք [Ադրբեջանի հետ] համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում՝ էներգետիկ անվտանգության ապահովումից մինչև պաշտպանություն և անվտանգություն: Մենք ձգտում ենք շարունակել ձեզ հետ [Ադրբեջանի հետ] համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք ընտրել եք», - ընդգծել է կառույցի բարձրաստիճան ներկայացուցիչը: