Ճապոնիայում երեխաների թիվը նվազել է ռեկորդային չափով

38 տարի շարունակ Ճապոնիայում նկատվում է երեխաների թվի կրճատում

Ճապոնիայում մինչեւ 15 տարեկան երեխաների թիվը նվազել է ռեկորդային չափով եւ կազմում է 15.33 միլիոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ներքին գործերի նախարարության տվյալներին, որոնք հրապարակվել են կիրակի երկրում Երեխաների օրվա առիթով:

Այսպես, ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ Ճապոնիայում գրանցված են մինչեւ 15 տարեկան 7.85 մլն տղաներ եւ 7.48 մլն աղջիկներ: Ի տարբերություն անցյալ տարվա տվյալների՝ երկրում երեխաների թիվը նվազել է 180 հազարով:

38 տարի շարունակ Ճապոնիայում նկատվում է երեխաների թվի կրճատում: Մինչեւ 15 տարեկան երեխաները կազմում եմ ամբողջ բնակչության 12.1 տոկոսը: Միակ շրջանը Տոկիոն էր, որտեղ տարվա կտրվածքով գրանցվել էր երեխաների թվի աճ: Իսկ Օկինավայում այդ ցուցանիշը մնացել էր անփոփոխ: Երկրի մյուս շրջաններում վերջին տարվա ընթացքում երեխաների թիվը նվազել էր:

Հասարակության ծերացումը, այսինքն՝ երիտասարդ աշխատունակ բնակչության թվի կրճատումն ու թոշակառուների թվի աճը լուրջ սոցիալական խնդիր է ժամանակակից Ճապոնիայում: Տնտեսական հարթության մեջ դա նշանակում է պարտադիր կենսաթոշակային վճարների եւ բժշկական ու սոցիալական ապահովագրության աճ միեւնույն ժամանակ հարկունակ բնակչության անդադար կրճատման պայմաններում: