Փոթորիկն օգնել է հնագետներին հայտնաբերել ԱՄՆ-ում հնագույն ամրոցը

Ֆլորիդայում հնագետներն ուսումնասիրում են ծառերի արմատները

Ֆլորիդայում հնագետներն ուսումնասիրում են ծառերի արմատները, որոնք հայտնվել են դրսում «Մայքլ» փոթորկի հետեւանքով: Եղանակային վատ պայմանները թույլ են տվել հայտնաբերել 200-ամյա արտեֆակտները եւ վերականգնել Գադսդեն ամրոցի պատմությունը, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում անելով LiveScience-ին:

Գադսդենը հիմնվել էր 1812 թվականին բրիտանական զորքերի կողմից (1812-1815 թվականներին ընթացել է անգլո-ամերիկյան պատերազմը, որն անվանում են անկախության համար երկրորդ պատերազմ): Այդ ամրոցում բնակություն էին հաստատել ստրուկները, որոնք ազատվել էին բրիտանացիների կողմից նրանց օգնություն ցուցաբերելու համար, եւ թագավորությանը հավատարին հնդկացիները:

1816 թվականին Բրիտանիայի բանակը հեռացել էր ամրոցից, եւ ամերիկյան զորքերը փորձել էին այն գրավել: Պատահական կրակոցը վնասել էր զինամթերքի պահեստն ու դարձել ուժգին պայթյունի պատճառ: Այդժամ զոհվել էր շուրջ 300 մարդ, իսկ բեկորները տարածվել էին մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Հենց այդ բեկորներն էին հայտնաբերվել գիտնականների կողմից փոթորկից հետո: Այդ տարածքում գտել են հրացանի գնդակներ, խեցեղենի, ճենապակու եւ մայոլիկայի կտորներ: