Գարդասիլ պատվաստանյութը վտանգներ պարունակո՞ւմ է

Արսեն Թորոսյանը կարծում է՝ ԱԱԾ–ն պետք է գործ հարուցի

«Գարդասիլ» պատվաստանյութի առումով վտանգներ հարկե չկան, կարծում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է սուտ մատնության հոդվածով գործ հարուցի նման հաղորդումների դեմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հիշեցնենք, որ նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը իր  եւ Հայկ Այվազյանի կողմից ԱԱԾ է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։ Ըստ հաղորդման՝ 2019 թվականի հունվարի 28-ին «Ազատություն» հեռուստաընկերության կիրակնօրյա հաղորդման ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ «… մեր նման երկրները պետք է ներդրում ունենան եւ մասնակցեն կլինիկական փորձարկումների փուլին…»։ 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ստորագրվել է «Մարդու Պապիլոմավիրուսային Վարակի Դեմ Պատվաստումային Գործընթացի Բարելավման եւ Պատվաստումային Տարիքի Ընդլայնման Մասին» 194-Ա հրամանը, ըստ որի ընդլայնվել են «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման տարիքային սահմանները (ըստ ստորեւ ներկայացվող տեսանյութի)... Հաշվի առնելով վերոգրյալը, հանգում ենք հետեւյալ եզրակացություններին 

1.            ՀՀ Առողջապահության նախարարը 2019թ-ի հունվարի 29-ին ստորագրել է 194-Ա հրամանը (ըստ ներկայացված տեսանյութի), որը չի հրապարակվել ԱՆ պաշտոնական կայքում եւ, հետեւաբար, պահվել է հանրությունից գաղտնի։

2.            ՀՀ Առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանով ավելացվել են «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման տարիքային սահմանները (14-45 տարեկան), ինչը նախատեսված չէ «Գարդասիլ-4»-ի ընդհանուր նկարագրով (9-26 տարեկան) ու Պարենի եւ դեղերի գործակալության (FDA) հրապարակումներով։

3.            Տարբեր քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից հրապարակվում են ապատեղեկատվություն, տագնապ առաջացնող տեղեկատվություն եւ «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդ։

4.            Թեեւ 2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրված «Գարդասիլ-4» պատվաստանյութի ողջ խմբաքանակը չի իրացվել եւ այն ունի պահպանման ժամկետ մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 12-ը, այնուամենայնիվ, պետական միջոցներով ձեռք է բերվում «Գարդասիլ-4» պատվաստանյութի նոր խմբաքանակ։

5.            2003 թվականի օգոստոսի 8-ի ՀՀ Կառավարության «Մոր եւ մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման 3.4. կետի առաջին ենթակետի համաձայն վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունները մինչեւ 2015 թ-ը պետք է կրճատվեին նվազագույնը 30%-ով։ Սակայն ըստ ՀՀ ԱՆ կողմից հրապարակված տվյալների  արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը ոչ միայն չեն կրճատվել, այլ ավելացել են։ Հետեւաբար, վերոհիշյալ ՀՀ Կառավարության կողմից հաստատված ռազմավարության պահանջը չի կատարվել, իսկ ռազմավարության իրականացման  համար հատկացված միջոցները ծախսվել են ոչ նպատակային։

Ելնելով վերոգրյալից պահանջում ենք կատարված եւ կատարվող հանցագործությունների համար անհապաղ հարուցել քրեական գործ եւ պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, ովքեր մեղավոր են այս ապօրինությունների համար»։