Երբ ապտակ են հասցնում ղեկավարին, ապտակ են հասցնում երկրին

Եկեք մի կողմ թողնենք այն, որ Մեդվեդևի այդ հումորն իսկապես ոչ կոռեկտ էր
նիկոլ փաշինյան

Անկեղծ ասած, չեմ կիսում շատերի ուրախությունն առ այն, որ մեր երկրի փաստացի ղեկավարը դառնում է այլ երկրների ղեկավարների համար ծիծաղի և անտակտ հումորներ անելու թիրախ, քանի որ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Մի մարդու, ով երկրի ղեկավարն է և ներկայացուցիչը: Եվ երբ ապտակ են հասցնում ղեկավարին, ապտակ են հասցնում երկրին:

Եկեք մի կողմ թողնենք այն, որ Մեդվեդևի այդ հումորն իսկապես ոչ կոռեկտ էր: Բայց, մյուս կողմից, մարդկայնորեն դժվար է լուրջ վերաբերվել մի մարդու, ով անընդհատ իրարամերժ հայտարարություններ է անում, կարծես թե անձի երկվությամբ է տառապում:

Սկզբից հայտարարում է, որ Ռուսաստանն է հրահրել ապրիլյան պատերազմը, հետո ասում, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում մութ անկյուններ չկան:

Հայտարարություն է անում ՀԱՊԿ-ին լուրջ-անլուրջ վերաբերվելու մասին:

ԱԺ-ում նախագիծ է ներկայացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, իսկ հետո հայտարարում, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ այդ կառույցից, և որ ԵԱՏՄ-ում մենք ձգտում ենք Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը:

Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն առաջարկում է սահմանափակել ռուսական հեռուստաալիքները, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ նման մտադրություն չկա:

Էլ չհիշենք ЮКЖД-ի հետ կապծվա պատմությունն ու էլի մի շարք կիքսեր:

Եվ ասածս այն չէ, որ պետք չէ բարձրաձայնել խնդիրների մասին, որոնք իսկապես առկա են և պարզաբանման կարիք ունեն: Ասածս այն է, որ բոլոր հայտարարություններում և քայլերում պետք է հետևողական լինել: Եվ այս կամ այն քայլը կամ արտահայտությունն անելուց առաջ մտածել հետագա բոլոր հնարավոր զարգացումների մասին:

Ռուսները մի լավ ասացվածք ունեն. «слово - не воробей, вылетит - не поймаешь»:

Գուցե արժե արդեն մտածել ապագայի մասին, այլ ոչ թե ապրել մի օրով և գործել «Էսօր ես ընդդիմադիր եմ/իշխանություն եմ, ուրեմն կարող եմ ասել և անել այն ամենն, ինչ ցանկանում եմ ու մտքիս փչի, իսկ վաղը որ գա, էն վախտ կմտածենք» սկզբունքով առաջնորդվելով:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից