Գառնիում անցկացվելիք էլեկտրոնային երաժշտության փառատոնը թույլ կտա միլիոնավոր մարդկանց տեղեկացնել այս հուշարձանի գոյության մասին

Պարզվում է՝ Հայաստանում էլ էլեկտրոնային երաժշտություն սիրողների մեծ բանակ կա

Կառավարությունը կթույլատրի ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին 6 մլն դրամի շրջանակներում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժշտության փառատոն: Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը նշեց, որ այդ կազմակերպությունն էլեկտրոնային երաժշտության փառատոններ է կազմակերպում այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նյու Յորքի Ազատության արձանը, Փարիզի Էյֆելյան աշտարակը և այլն: Այդ փառատոններն օնլայն հեռարձակվում են սոցիալական կայքերով և որոնք ունենում են 10-30 մլն դիտում:

Տիգրան Գալստյանի խոսքով՝ Գառնիում այդ փառատոնի անցկացումը թույլ կտա միլիոնավոր մարդկանց տեղեկացնել այս հուշարձանի գոյության մասին ու ապահովել զբոսաշրջիկների հոսք։ «Այս ծրագրի հիմնական նպատակը գովազդ ապահովելն է, որ մենք ունենք Գառնու պես տաճար»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այդ կազմակերպությունը տարեկան 20 նման փառատոն է կազմակերպում, իսկ մեր տարածաշրջանում սա առաջինն է լինելու:

Տիգրան Գալստյանը նշեց, որ այդ կազմակերպությունը միակն է և պետական գնումը կատարվում է մեկ անձից, ոչ թե մրցույթով:

«Նրանք, ովքեր իրազեկված են էլեկտրոնային երաժշտության բնագավառից՝ ասում են, որ սա այս ոլորտում աշխարհի առաջատար փառատոններից մեկն է և շատ մեծ ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանի վրա: Պարզվում է՝ Հայաստանում էլ էլեկտրոնային երաժշտություն սիրողների մեծ բանակ կա: Նաև ասում են, որ այս փառատոնի հետևից զբոսաշրջիկների մեծ խմբեր են ճամփորդում, որպեսզի փառատոնին մասնակցեն»,- իր հերթին, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: