Հայաստանը մասնակցում է իտալական Sanremojunior 2019 մրցույթին

Մեր երկրի ներկայացուցիչը 10-ամյա Նանե Խաչատրյանն է, իտալական հեղինակավոր մրցույթին Հայաստանն առաջին անգամ բացառիկ իրավունքով կներկայանա միանգամից եզրափակիչ փուլում

Այսօր՝ մայիսի 1-ին, Սան Ռեմոյում կմեկնարկի ամենամյա Sanremojunior պատանի կատարողների երաժշտական մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի 10-ամյա Նանե Խաչատրյանը: Իտալական հեղինակավոր մրցույթին Հայաստանն առաջին անգամ բացառիկ իրավունքով կներկայանա միանգամից եզրափակիչ փուլում: Մեր պատվիրաությունը մրցույթում առաջնորդում է լրագրող, հաղորդավար Վրույր Թադեւոսյանը:

«Sanremojunior մրցույթին մասնակցելու հրավերը շատ պատահական ստացա՝ անմիջապես կազմակերպիչներից։ Մասնակից որոշ երկրների պատվիրակության ղեկավարններն էին երաշխավոր Հայաստանի ներկայացուցիչ ընտրել ինձ։ Արդյունքում՝ երկար բանակցություններ վարեցի, որպեսզի կարողանամ համաձայնություն ձեռք բերել միանգամից եզրափակիչ փուլում ներկայանալու համար։ Նախ՝ մենք շատ ժամանակ չունեինք պատրաստվելու համար,  եւ ամենակարեւորը՝ Հայաստանն այս տարի մասնակցում  է որպես փորձարարական երկիր։ Հիմա արդեն ակտիվ բանակցությունների մեջ ենք, որպեսզի պայմանագիր ստորագրենք եւ հաջորդ տարիներին մեր երկրի մասնակցությունն ապահովենք մրցույթի բոլոր կանոններին համապատասխան։ Այս տարվա միանգամից եզրափակիչում մեր ելույթ ունենալը մեծ բացառություն էր այս հեղինակավոր  մրցույթի կազմակերպող հանձնախմբի կողմից, ինչի համար շատ շնորհակալ ենք»,-նշեց Վրույրը:

Անդրադառնալով Հայաստանի ներկայացուցչի ընտրությանը՝ հաղորդավարը պարզաբանեց.

«Ըստ մրցույթի կանոնադրության՝ երկիրն իր մասնակցին ընտրում է ազգային մրցույթ անցկացնելով։ Քանի որ ժամանակի սղության պատճառով մենք չէինք կարող ազգային մրցույթ կազմակերպել Հայաստանում, մի փոքր այլ մոտեցում ցուցաբերեցինք։ Տարբեր երաժշտական դպրոցների եւ առանձին մասնագետների հրավեր ուղարկեցինք։ Արդյուննքում՝ մոտ 15 մասնակից ունեցանք։ Լավագույն 5-յակին որոշեցինք մենք՝ հաշվի առնելով մասնակցի ընտրած երգը, պատրաստվածության մակարդակը եւ օրկեստրի հետ ելույթ ունենալու կարողությունը։ Այնուհետեւ այդ տվյալներն ուղարկվեցինք Իտալիա։ Սա եւս բացառություն էր, որովհետև սովորաբար իտալական ժյուրին ընտրում է միայն հաղթող մասնակցին՝ մրցույթի վերջում։ Այս իմաստով եւս մենք մեծ ձեռքբերում ունեցանք։ Նանե Խաչատրյանը, ով բավականին տաղանդավոր աղջիկ է, ընտրվեց եվրոպական հանձնաժողովի կողմից»։

Նանեն մրցույթին ներկայանալու է Սիրուշոյի «Մայրիկ» երգով: Վրույրի խոսքով՝ այս ստեղծագործությունը շատ հոգեհարազատ է 10-ամյա Նանեին, բացի այդ՝ մեր պատվիրակության ղեկավարը վստահ է՝ այս երգով փոքրիկ երգրչուհին կգրավի նաեւ եվրոպացի ունկնդրի սրտերը.

«Երգի ընտրության հարցում մրցույթի կանոնները շատ խիստ չեն, որովհետեւ, ի վերջո, բեմում ոչ թե պրոֆեսիոնալ կատարողներ են, այլ՝ երեխաներ։ Ամբողջ մրցույթի նպատակն էլ հենց աշխարհի տաղանդավոր մանուկներին բացահայտելն է։ Սիրուշոյի «Մայրիկ» երգի ընտրությունը պատահական չէր, քանի որ  դա նախ շատ հոգեհարազատ է հենց Նանեին, հետո՝ նաեւ շատ մեղեդային եւ գեղեցիկ երգ է, որն օրկեստրի հետ կատարելն իսկապես տպավորիչ ու դիտարժան կլինի»,-ասում է նա` հավելելով.

«Sanremojunior մանկական միջազգային երգի մրցույթը համաշխարհային համբավ ունի։ Տասնյակ հարյուրավոր երեխաներ ամբողջ աշխարհից ամեն տարի գալիս են Իտալիա՝ Սան Ռեմո քաղաք, իրենց ուժերը փորձելու, իրենց տաղանդն աշխարհին ցույց տալու։ Այս բեմում հայտնվելու համար ամենակարեւորը բնատուր տաղանդն է, որպեսզի երեխան առանց վախենալու եւ կաշկանդվելու հազարավոր հանդիսատեսի, ուղիղ եթերում աշխարհով մեկ սփռվող տեսախցիկների առջեւ նվագախմբի՝ օրկեստրի հետ կենդանի կատարումով ներկայացնի իր երգը։ Միայն պատրաստաված լինելը բավարար չէ։ Պետք է նաեւ բեմական ձիրքով օժտված լինես, երգդ փորձառու կատարողի պես ներկայացնես, որպեսզի այն հասնի հանդիսատեսի և ամենակարեւորը՝ ժյուրիի սրտերին։ Այս առումով շատ բարդ մրցակցություն է, բոլոր մասնակիցները շատ պատրաստված ու իսկապես տաղանդավոր երգիչներ են»։

Ինչ վերաբերում է մեր մասնակցին՝ չնայած իր վաղ տարիքին, Նանեն բեմական փորձ արդեն ունի, հասցրել է մասնակցել նաեւ այլ մրցույթների եւ մրցանակաբաշխությունների։ Նա այժմ սովորում է Սայաթ Նովա երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի երրորդ դասարան:

Նանեն զրույցի  ընթացքում պատմեց իր հույզերի ու ակնկալիքների մասին.

«Ես շատ լավ եմ տրամադրված, այստեղ արդեն մեզ դիմավորել են։ Հյուրանոցում ենք։ Կամաց-կամաց ծանոթանում ենք տարբեր երկրների մասնակիցների հետ։ Գիտեք՝ ես մրցույթների ժամանակ չեմ մտածում հաղթանակի մասին։ Շատ շնորհակալ եմ, որ այս հնարավորությունն ունեմ մեծ բեմում օրկեստրի հետ ելույթ ունենալ, իմ երկիրը ներկայացնել եւ ամենասիրելի երգերից մեկը կատարել։ Սա ինձ համար արդեն մեծ հաղթանակ է։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ»,-նշեց փոքրիկ երգչուհին:

Իտալական  Sanremojunior 2019 մրցույթն անցկացվելու է մինչեւ մայիսի 5-ը: