Կիրկորովը սպառնացել է լքել «Եվրատեսիլը»

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կայանալու է Թել Ավիվում մայիսի 14-18-ին

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Ռոսսիա 1» հեռուսալիքի եթերով հայտնել է այն պայմանը, որի դեպքում կհրաժարվի «Եվրատեսիլ» մրցույթի հետ ցանկացած համագործակցությունից։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը։ Նրա խոսքով, 2016 թ. Սերգեյ Լազարևը պարտվել է «Եվրատեսիլում» «քաղաքական նյուանսների» պատճառով։ Կիրկորովն ասել է, որ կհեռանա մրցույթի ասպարեզից, եթե նմանատիպ իրավիճակ կրկնվի։

Երգիչն ընդգծել է, որ այդ ժամանակ շատ երկրների ժյուրիի անդամները սկզբունքորեն Ռուսաստանին միավոր չէին տվել։ Սերգեյ Լազարևը 2016-ին զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը։

Լազարևը կատարելու է Scream  երգը, որը  գրվել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի կողմից՝ հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսի համահեղինակությամբ:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կայանալու է Թել Ավիվում մայիսի 14-18-ին։ Մասնակցելու է 41 երկիր։  Հայաստանը ներկայացնելու է Սրբուկը։