ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) անդրադարձել է նախագահ Դոնալդ Թրամփի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Միացյալ Նահանգների ղեկավարը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից՝ փոխարենն օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը:
ANCA-ն ընդգծել է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ Թրամփը հավուր պատշաճի չի դատապարտում Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը:
«Այս քաղաքականությունը սկզբնավորվել է Անկարայում՝ թուրք բռնապետերի կողմից, իսկ հետո ամերիկյան նախագահներն այն կիրառել են Վաշինգտոնում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նա ընդգծել է, որ «սկզբում Ամերիկան» խոստումը տված Թրամփը Հայոց ցեղասպանության հարցում առաջնորդվում է «սկզբում Թուրքիան» սկզբունքով:
«Խոստանալով պայքարել քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումների դեմ՝ Թրամփն աջակցեց օտարերկրյա ռեժիմին՝ փոխարենն ազնվորեն ոգեկոչեր մեկդարյա պատմություն ունեցող հանցագործության հիշատակը: Նա խոստացել էր վերականգնել Միացյալ Նահանգների՝ առաջնորդի դերը, սակայն փոխարենն օտարերկրյա բռնապետությանը զիջեց ամերիկյան բարոյական արժեքները: Այժմ մենք հայացքն ուղղում ենք Կոնգրեսին՝ հույս ունենալով, որ այն կցուցաբերի այն առաջնորդությունը, ինչը չկարողացավ անել Սպիտակ տունը»,-ասվում է հայտարարությունում:
Հայոց ցեղասպանության հարցում Թրամփն առաջնորդվեց «սկզբում Թուրքիան» սկզբունքով
ANCA-ն քննադատել է ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը
0Comments