Իսրայելի պատգամավորները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մենք ունենք բարոյական և պատմական պատասխանատվություն՝ հիշելու ցեղասպանությունը և ասելու` «այլևս երբեք»

Իսրայելի խորհրդարանի պատգամավորներն այսօր երկրի ղեկավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և այլևս տեղի չտա թուրքական ճնշումներին: Մենք ունենք բարոյական և պատմական պատասխանատվություն՝ հիշելու ցեղասպանությունը և ասելու` «այլևս երբեք»: Մենք մտադիր ենք կրկին առաջադրել այս հարցով մեր օրինագիծը և հույս ունենք ստանալ կոալիցիայի աջակցությունը»,- գրել է «Կապույտ և սպիտակ» դաշինքի համանախագահ Յաիր Լապիդն իր թվիթերյան էջում:

«Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի հոլոքոստը: Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը», – թվիթերյան իր էջում գրել է Քնեսետի պատգամավոր Մոսի Ռազը:

Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Իսրայելը վարում է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու քաղաքականություն, որպեսզի չթշնամանա Թուրքիայի հետ: Այս քաղաքականությունը չի փոխվել՝ չնայած վերջին տասնամյակում երկու երկրների հարաբերությունները լարված են: