Լավ օրից չէ, որ մենք մտնում ենք սրա մեջ. Հայկ Մարության

«Սանիթեքը» սկզբում իդեալական աշխատանք էր իրականացնում

Լավ օրից չէ, որ մենք մտնում ենք այս պրոցեսի մեջ, պատճառն այն է, որ «Սանիթեքը» ձախողում է իր աշխատանքը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Երեւանում աղբահանությամբ զբաղվող համայնքային հիմնարկ ստեղծելու նախաձեռնությանը:

Ավագանու ԲՀԿ խմբակցությունից Մարկոս Հարությունյանը նշեց, որ «Սանիթեքը» սկզբում իդեալական աշխատանք էր իրականացնում. «Ես չհասկացա, թե որ փուլից սկսեցին չաշխատել: Կապում են հեղափոխության հետ, թե իբր հակահեղափոխություն է, բայց մինչեւ այդ էլ արդեն վիճակն այդպիսին էր: Ի՞նչ ստանդարտներով եք շարժվել, որ որոշել եք քաղաքապետարանն իր վրա վերցնի աղբահանությունը: Նախկին օրինակով դա ճիշտ չէր համարվում, իրեն չէր արդարացնում»,-ասաց նա:

Ի պատասխան Հայկ Մարությանն ասաց. «Եթե որեւէ մեկին թվում է, թե մենք ուզում էինք մտնել այս ամենի մեջ, դա այդպես չէ: Անում ենք ստիպված, եւ փորձելու ենք անել լավ: Այսուհետ պետք է պետությունն իր նշանակալի մասնաբաժինն ունենա աղբահանության ոլորտում. աշխարհը դրան է գնում»: