«Հարցուպատասխանից էլ չեք փախնի». «Լույսի»-ի անդամը՝ Հայկ Մարությանին

«Ես «գուգլեցի» եւ արդյունքը զրո էր: Հիմա խնդրում եմ ինձ տրամադրել կառավարության այդ որոշումը»

Հեռուստատեսային հաղորդման ժամանակ ես հարց բարձրացրեցի, թե ինչու 9 ձնամաքրող մեքենաները չգնվեցին կառավարության որոշմամբ, Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց եւ խորհուրդ տվեց «գուգլել» եւ տեսնել, որ նման որոշում կա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ հավելելով. «Ես «գուգլեցի» եւ արդյունքը զրո էր: Հիմա խնդրում եմ ինձ տրամադրել կառավարության այդ որոշումը»:

Ավագանու նիստը վարող քաղաքապետ  Հայկ Մարությանն ի պատասխան նշեց, որ այդ հարցն օրակարգի հետ կապ չունի. «Օրակարգի հետ կապ չունի: Ես այդ հարցին չեմ պատասխանելու»:

«Հարցուպատասխանից էլ չեք փախնի»,- տեղից ասաց Խաչատրյանը, ինչին քաղաքապետն արձագանքեց. «Խնդրում եմ կոռեկտության սահմաններում մնացեք: Եթե դուք ուզում եք փախչել, փախեք, էստեղ ոչ ոք չի փախչում: Էս լեքսիկոնը, խոսակցությունները պատիվ չեն բերում ամբողջ ավագանուն: Ամոթ է, ամբողջ ազգը մեզ է նայում»: