Արդյո՞ք Հայաստանը շահեց, թե կորցրեց այս հեղաշրջումից. վստահորեն կասեմ՝ կորցրեց. Շարմազանով

Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի եւ սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին:

Հասարակությունը Էյֆորիայի տակ ցնծում էր, ինչպես ցնծում էր ֆրանսիական հասարակությունը Յակոբինյանների իշխանության հաստատելու կամ գերմանական հասարակությունը՝ նացիստական- հիտլերյան իշխանության հաստատման ժամանակ:

Կարճ ժամանակ անց թե՛ Ֆրանիայում եւ թե՛ Գերմանիայում ծափահարողները վերածվեցին ամենամոլի քննադատների:

Արդյո՞ք Հայաստանը շահեց, թե կորցրեց այս հեղաշրջումից:

Ե՛վ մեկ տարի առաջ եւ՛ այսօր վստահորեն կասեմ՝ կորցրեց: Եվ խնդիրը, ամենեւին, իմ՝ ՀՀԿ-ական լինելու մեջ չէ:

• Նիկոլի իշխանությունը բաժանեց հասարակությունը սեւերի եւ սպիտակների:

• Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից:

• Արցախյան հերոսներին վարկաբեկեց:

• Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահին, իմ կարծիքով, ապօրինաբար կալանավորեց:

• Արցախյան հարցում հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի օրակարգից, իսկ փոխարենը՝ հրապարակ բերեց Դուշանբեի վերելակի անհասկանալի պայմանավորվածությունը:

• Քաղաքական ընդդիմախոսներին ԱԱԾ-ով սպառնաց եւ աջ ու ձախ ասֆալտին փռելու կոչեր արեց:

• Ազգային ժողովը անօրինական պաշարեց եւ դրանով խախտեց օրենսդիրի անկախության սկզբունքը:

• Սուտ խոստումների շարանով խաբեց ժողովրդին:

• Տնտեսական հեղափոխություն հայտարարեց, բայց, իրականում, տնտեսությունը ավելի գահավիժեց:

• Ներդրումները կտրուկ նվազեցին:

• Տեղի ունեցավ համատարած օպտիմալացում-կրճատում:

• Գործարաններ փակվեցին:

• Համատարած գնաճ տեղի ունեցավ:

• Նիկոլի իշխանությունը կոռուպցիայից զերծ չէ:

• Պարզ դարձավ, որ Նիկոլը կախարդական փայտիկ չունի:

Եվ ի վերջո, լռեց, երբ համասեռամոլության քարոզ իրականացվեց, եւ Ազգային ժողովի բարձր ամբիոնը դարձրեցին տրանսգենդերների քարոզի վայր:

Եվ վերջապես, հենց Փաշինյանը, հայտարարելով օտարեկրյա գործակալների առկայության մասին ու որեւէ քայլ չկատարելով, ազդարարեց իր իշխանության քաղաքական անկարողության մասին:

Հ.Գ.

Նիկոլի Հայաստանում կրկեսի ու տեսարանների պակաս չկա:

Հ.Հ.Գ.

Պարգեւատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է:

Ահա եւ ձեր նոր Հայաստանը»: