Ինչո՞ւ չեն եփվում ձվերը

Ձվի եփվելու հետ կապված այլ բողոքներ իրենք չեն ստացել

Սուրբ Հարության տոնին ընդառաջ ֆեյսբուքում մի օգտատեր ահազանգել է՝ մի քանի ժամ եռացնելուց հետո ձվերն այդպես էլ չեն եփվել։

Օգտատերը հրապարակել է կարճ տեսանյութ, լուսանկարներ, որտեղ երևում են, ձվերը կիսաեփ են։ Ըստ մակնշման, դրանք «Արաքս» ընկերությանն են։

«Մի կողմ դնենք, որ ամբողջ քանակից չճաքեցին մի քանի հատը։ Հավկիթի սպիտակուցը մնացել է ջրիկ, դոնդողատիպ, դեղնուցը ամուր է քարի պես, ռեզին է հիշեցնում, փայլում է ինչպես պլաստմասը»,-նկարագրել է ձու գնած ու այդպես էլ եփել չհաջողացրած քաղաքացին։

Panorama.am-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, քաղաքացուց նախ կճշտեն, թե որտեղից է գնել ձվերը, ապա հսկիչ գնում կկատարեն ու հետազոտություն կիրականացնեն։

Տեսչական մարմնից ավելի ուշ հայտնեցին, պարզել են քաղաքացին ձուն գնել է անհատից, հետևաբար հսկիչ գնում, հետազոտություն անել չեն կարող։ Տեսչական մարմնից նաև ասացին, որ ձվի եփվելու հետ կապված այլ բողոքներ իրենք չեն ստացել։