Հանգիստ նստեք տեղներդ. Սամվել Բաբայան

Քանի որ խնդիրը լուծված չի, այս փուլում որեւէ մեկը չի կարող երաշխիք տալ վաղը Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու դեպքում մենք ինչ քայլերի ենք գնալու

Պետք է լինի ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում օրենսդրական քայլեր կձեռնարկվեն Հայաստանն ու Ղարաբաղն ինտեգրելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։

«Ընդհանրապես Ղարաբաղի հարցում ես գտնում եմ, որ պետք է լինի ճանապարհային քարտեզ, որտեղ օրենսդրական ամբողջ քայլերը անելով Հայաստանն ու Ղարաբաղն ինտեգրվեն։ Մենք այդ ճանապարհային քարտեզով աշխատելու ենք, այն օրենքները, որոնք խոսում են քաղաքացիության մասին։ Հայաստանից վերաբնակեցվածին սեփականության վկայական չեն տալիս, հարց է ծագում՝ ինչո՞ւ չեք տալիս, ղարաբաղցի եւ հայաստանցի եք դնո՞ւմ, թե այլ հարց կա։ Ձեւական ասում ենք մի ժողովուրդ ենք, մի երկիր ենք, բայց գործնական խոչընդոտներ ստեղծել եւ ասել մի ժողովուրդ ենք, կարծում եմ՝ ճիշտ չի»։

Նա այս փուլում սխալ է համարում Հայաստանը Արցախի մարզ դարձնելը և Արցախը Հայաստանի մարզ դարձնելու կոչ անող գործիչներին հորդորում է հանգիստ նստել եւ լսել նրանց, որոնք փորձ ունեն. «Քանի որ խնդիրը լուծված չի, այս փուլում որեւէ մեկը չի կարող երաշխիք տալ վաղը Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու դեպքում մենք ինչ քայլերի ենք գնալու եւ ինչ հաջողություններ ենք ունենալու։ Եթե Արցախը Հայաստանի մաս է, անմիջապես ՄԱԿ-ի նիստ է լինելու, Հայաստանին էլ ասելու են անհապաղ դուրս բեր զորքերդ այս տարածքից։ Դրա համար ոմանց բացատրում ենք, որ եթե պրակտիկա չունեք, հանգիստ տեղներդ նստեք, մարդիկ գիտեն ինչ են անում»։