Հյուգոն հրդեհը նկարագրել է 200 տարի առաջ

Որքա՞ն ժամանակ կպահանջվի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

Փարիզի Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի հաղթանակների եւ ողբերգությունների վկան է, որը քիչ էր մնացել ավերվեր Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ եւ որը երկու համաշխարհային պատերազմի ականատեսն է... Անցած երկուշաբթի աղետալի հրդեհը ոչնչացրեց շենքի տանիքը եւ փլուզեց հանրահայտ սրածայր աշտարակը, որը տեղադրվել էր XII դարում. սա անդառնալի կորուստ է գոթական ճարտարապետության համար։

Հարյուրամյակներ շարունակ Աստվածամոր տաճարը ամենահայտնի շինությունն էր Փարիզում։ Տաճարի կառուցումը տեւել է գրեթե երկու դար՝ 1163-ից, երբ Լյուդովիկոս VII արքան եւ Ալեքսանդր III պապը դրեցին հիմքի առաջին քարը, մինչեւ 1330 թվականը։

Մտահղացման համաձայն՝ տաճարի շինությունը պետք է այնքան մեծ լիներ, որ տեղավորեր Փարիզի բոլոր բնակիչներին (իսկ նրանք այն ժամանակ մոտ տասը հազար էին)։ Այժմ Փարիզի բնակչությունը քանիցս ավելացել է, բայց Աստվածամոր տաճարը նախկինի պես պատրաստ է իր պատերի ներսում ընդունել ավելի քան ինը հազար մարդու։ Տաճարի կառուցումն սկսվել է XII դարում եւ շարունակվել մոտ 200 տարի։

Աստվածամոր տաճարը պղծվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ եւ երկար ժամանակ վերականգնվել։ Այն ներառված է համաշխարհային պատմական հուշարձանների ցուցակում։ Այստեղ առաջին անգամ գումարվել են Գլխավոր նահանգները (Ֆրանսիայի առաջին խորհրդարանը), տեղի է ունեցել Անրի IV Նավարացու եւ Մարգարիտ դը Վալուայի ամուսնությունը։ Այս պատերի ներսում 1804-ին թագադրվել է Նապոլեոնը, իսկ 1944-ին մատուցվել է հանդիսավոր ժամերգություն Փարիզի ազատագրման առիթով։ Հենց տաճարի առջեւի հրապարակից են չափվում այսօր Ֆրանսիայի բոլոր հեռավորությունները։

Ի՞նչ է հաջողվել փրկել

Աստվածամոր տաճարում է պահվում քրիստոնեական ամենաերկրպագելի մասունքներից մեկը՝ Քրիստոսի Փշե պսակը, որը, ինչպես տեղեկացվում է, հաջողվել է փրկել։ Պահպանվել է նաեւ սուրբ Լյուդովիկոսի պատմուճանը։ Տաճարի զարդն են անասելի գեղեցկության վիտրաժները, դրանց թվում՝ երեք հսկայական վարդ-պատուհանները, որոնք թվագրվում են XIII դարով։ Ներկա պահին հայտնի չէ՝ պահպանվե՞լ է դրանցից գոնե մեկը հրդեհի հետեւանքով։

Խորանն ու խորանի խաչը հաջողվել է փրկել։ Վերջին տեղեկատվության համաձայն՝ կանգուն են մնացել նաեւ տաճարի վիտրաժները, ինչպես նաեւ Աստվածամոր տաճարի հանրահայտ երգեհոնը։

XIX դարի ավետարանիչների եւ առաքյալների 16 արձանիկները հրաշքով փրկվել են հրդեհից։ Հրդեհից մի քանի օր առաջ երեքմետրանոց ֆիգուրները, որոնք գտնվում էին տաճարի տանիքին 1857-ից, հանվել են ուղղաթիռների օգնությամբ եւ ուղարկվել վերականգնման։

Առաջիկայում ճարտարապետները եւ փորձագետները կգնահատեն Աստվածամոր տաճարի վիճակը։

Մակրոնը խոստացել է վերականգնել Աստվածամոր տաճարը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ հրդեհից տուժած Աստվածամոր տաճարը կվերականգնվի։ Երկուշաբթի երեկոյան նա եղել է միջադեպի վայրում եւ փաստել, որ «վատթարագույնից հաջողվել է խուսափել» շնորհիվ հրշեջների քաջության։

«Ես հիմա մտածում եմ մեր բոլոր հայրենակիցների մասին, որովհետեւ Աստվածամոր տաճարը մեր պատմությունն է, մեր գրականությունը, մեր երեւակայությունը։ Սա այն տեղն է, որտեղ մենք ապրել ենք մեր բոլոր մեծ պահերը, մեր համաճարակները, մեր պատերազմները, մեր ազատագրումները։ Սա մեր կյանքի էպիկենտրոնն է։ Սա մեր զրոյական կիլոմետրն է։ Այստեղ այնքան շատ են գրքերը, նկարները։ Սա բոլոր ֆրանսիացիների ու ֆրանսուհիների տաճարն է, անգամ նրանցը, ովքեր երբեք այստեղ չեն եղել։ Ես խոստանում եմ, որ սկսած վաղվանից՝ գործի կդրվի միջոցների ազգային դրամահավաք, որը դուրս կգա մեր սահմաններից։ Մենք կդիմենք մեծ տաղանդներին, եւ շատերը կարձագանքեն ու իրենց ավանդը կներդնեն։ Մենք կվերականգնենք, մենք կվերականգնենք Աստվածամոր տաճարը։ Որովհետեւ դա են սպասում ֆրանսիացիները։ Որովհետեւ դրան է արժանի մեր պատմությունը, որովհետեւ դա է մեր ճակատագիրը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Որքա՞ն միջոցներ եւ ժամանակ կպահանջվեն տաճարի վերականգնման համար՝ հայտնի չէ:

Ֆրանսիացի միլիարդատերեր Ֆրանսուա-Անրի Պինոն եւ Բեռնար Առնոն նվիրաբերել են 300 միլիոն եվրո Աստվածամոր տաճարի վերակառուցման համար։

Ընկերությունների խումբը, որին պատկանում են, մասնավորապես, Gucci եւ Yves Saint Laurent բրենդները, կհատկացնի 100 միլիոն եվրո։ Total նավթագազային կոնցեռնը խոստացել է հատկացնել 100 մլն եվրո։ Եվրամիությունը հայտարարել է եվրոպական դրամաշնորհ հատկացնելու մտադրության մասին։

LVMH խմբի նախագահ Բեռնար Առնոն խոստացել է նվիրաբերել 200 միլիոն եվրո։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն տեղեկացրել է, որ քաղաքը տաճարի վերակառուցման համար կհատկացնի 50 մլն եվրո։ 10 մլն եվրոյի օգնություն կցուցաբերի Փարիզի Իլ դը Ֆրանս թաղամասը։

Երկուշաբթի երեկոյան Էմանուել Մակրոնը հայտարարել է դրամահավաք սկսելու մասին։ «Մենք միասին կվերակառուցենք Աստվածամոր տաճարը։ Դա Ֆրանսիայի ճակատագրի մի մասն է»,- ասել է նախագահը հրդեհի վայրում։

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին առաջարկել է եվրապատգամավորներին դրամահավաք սկսել Աստվածամոր տաճարի վերակառուցման համար՝ երեքշաբթի փոխանցելով իր աշխատավարձը։

Որքա՞ն միջոցներ կպահանջվեն տաճարի վերակառուցման համար՝ առայժմ հայտնի չէ։ Ստրասբուրգի տաճարի «Fondation de L'Œuvre Notre-Dame»-ի պահպանման կազմակերպության տնօրեն Էրիկ Ֆիշերի խոսքով՝ դրա վերակառուցման համար կարող են «տասնամյակներ» պահանջվել։ «Գլխավորն այժմ փաստաթղթերի եւ պատճենների որոնումն է, որոնք կօգնեն ճարտարապետներին առավել ճշգրիտ կրկնել Աստվածամոր տաճարի առանձին մասերը»,- ասել է նա France-Presse գործակալությանը։

Հիշեցնենք, որ 2018-ին Փարիզի Աստվածամոր տաճարում սկսվել էին վերականգնողական աշխատանքներ՝ 150 մլն եվրո ընդհանուր արժողությամբ։ Տաճարի վերականգնումը պետք է տեւեր 20 տարի։ Աշխատանքների առաջին փուլը սրածայր աշտարակի շուրջ շինափայտերի տեղադրումն էր։

Հյուգոն նկարագրել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը ապրիլի 15-ի իրադարձություններից գրեթե 200 տարի առաջ

«Փարիզի Աստվածամոր տաճարի» պատմությունը տեղի է ունենում XV դարավերջին, երբ տաճարը ծաղկման շրջանում էր։ Բայց Հյուգոն մշտապես ընթերցողին մղում է Աստվածամոր տաճարի անխուսափելի անկմանը, որը վեպում ներկայանում է տաճարի վրա գրոհի ժամանակ սկսված հսկայական հրդեհի տեքսով.  

«Կենտրոնական վարդյակի վրա, երկու զանգերի միջեւ ամենավերին պատկերասրահում վառ կրակ էր բոցկլտում, որը շրջապատված էր մրրկածուփ կայծերով, վիթխարի, անկանոն, կատաղի կրակ, որի կտորտանքը ծխի հետ տանում էր քամին: Իսկ կրակի վրա վիթխարի աշտարակները, որոնց մի կողմն ալ կարմիր էր, մյուսը՝ բացարձակապես սեւ, թվում էր ավելի բարձր են դարձել եւ հասել են անսահման մեծության դրանց նետած ստվերներով, որոնք ձգվում էին մինչ երկինք:

Դրանք զարդարող անթիվ հրեշների ու վիշապների քանդակները չարագուշակ տեսք էին ստացել: Դրանք ասես աչքի առաջ կենդանանում էին տատանվող հրացայտում: Օձի երախներին ժպիտ էր ձգվել, ջրորդանների բերաններն ասես հաչոց էին թափում, սալամանդրները փչում էին կրակը, վիշապները փռշտում էին՝ ծխի մեջ շնչահեղձ լինելով»:

Հավանաբար, ոչ մի լրագրող չէր կարողանա Նոտր Դամի հրդեհն այնպես նկարագրել, ինչպես արել է Վիկտոր Հյուգոն: Բայց թե՛ XIX դարի վիպագրի, թե՛ ապրիլի 15-ի ողբերգությունը տեսած մարդկանց համար այրվող տաճարը խորհրդանշում է միեւնույն բանը՝ սա հարված է Փարիզի սրտին, ողբերգություն ֆրանսիական մշակույթի, ճարտարապետության, պատմության համար: Եվ սա նախազգուշացում է այն մասին, թե որքան խոցելի է մեր ընդհանուր պատմական ժառանգությունը:

Ըստ Euronews-ի, RFI ռադիոյի ռուսական ծառայության, ՏԱՍՍ-ի, France press-ի նյութերի