Ես աղոթում եմ Աստծուն և Ալլահին, որպեսզի ոչինչ չխանգարի ինձ ու Էրդողանին. Լուկաշենկո

Ես Էրդողանին իմ ընկերն եմ անվանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թուրքիա այցին ընդառաջ թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն «եղբայր» է անվանում, ինքն էլ նրան՝ «ընկեր»:

«Ես Էրդողանին իմ ընկերն եմ անվանում: Թուրքիայի առաջնորդն ինձ դիմելիս ասում է «եղբայր»: Մենք, կարելի է ասել, մտերիմ, հարազատ մարդիկ ենք»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահն ասել է, որ ինքն ու Էրդողանը միշտ աջակցում են միմյանց բոլոր միջազգային հարթակներում՝ հավելելով, որ իրենք չունեն համագործակցության համար փակ թեմաներ:

«Ես աղոթում եմ Աստծուն և Ալլահին, որպեսզի ոչինչ չխանգարի մեզ այս լավ հարաբերությունները կառուցելու հարցում»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ իր առաջին մասնագիտությամբ նա պատմաբան է և լավ գիտի Թուրքիայի դերը ժամանակակից աշխարհի ձևավորման հարցում:

«Ժամանակակից Թուրքիան ունի հզորագույն հիմնաքար հետագա զարգացման համար: Եվ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանային ու համաշխարհային մասշտաբով ահռելի է»,- ասել է նա՝ թուրք ժողովրդին «հնագույն, հերոսական և ուժեղ» անվանելով:

«Թուրքերը շատ բան են ժառանգել իրենց նախնիներից: Այն շատ վառ, ամուր, առնական ժողովուրդ է»,- ասել է Լուկաշենկոն: