Կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 1,5 ժամ լվացքից հետո

Մենք ողջ տունը տակնուվրա արեցինք, սակայն չկարողացանք գտնել նրան

Վեց ամսական Պոպպի անունով կատվիկը ողջ է մնացել լվացքի մեքենայում 1,5 ժամ «լողանալուց» հետո, հաղորդում է ABC News-ը:

Ավստրալուհի Կիմ Բարրը` կենդանու տիրուհին, լրատվամիջոցի հետ զրույցում պատմել է, որ չի նկատել, թե ինչպես է կատուն քնել լվացքի իրերի համար նախատեսված զամբյուղում,  ապա հայտնվել լվացքի մեքենայում:

Որոշ ժամանակ անց ընտանիքը նկատել է, որ Պոպպին անհետացել է:

«Մենք ողջ տունը տակնուվրա արեցինք, սակայն չկարողացանք գտնել նրան»,- պատմել է կատվի տիրուհին:

Կատվին պատահաբար հայտնաբերել են լվացքի մեքենայում այն ժամանակ, երբ սարքը պետք է 10 րոպե աշխատեր «քամել» ռեժիմով:

Դեպքից անմիջապես հետո կենդանուն տարել են անասնաբույժի մոտ. պարզվել է, որ կատուն ունի գլխի և աչքի վնասվածք, բացի դրանից, կենդանու թոքերում ջուր է լցված եղել: Զարմանալի է, բայց կենդանին որևէ կոտրվածք չի ստացել:

Նշվում է, որ դեպքից 3 շաբաթ անց կատվիկի առողջական վիճակը բարելավվել է: