Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Վիկտոր Սողոմոնյան

Սա իսկական քաղաքական վենդետա է և փորձ է քաղաքական կյանքից մեկուսացնել հիմնական օպոնենտին և պարզապես նրան կալանքի ենթարկել՝ վրեժխնդիր լինելով անցյալի մի քանի հարցերի համար

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:

Դատարանի կայացրած վճիռը 5-րդ ալիքի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Վերաքննիչ դատարանի այսօրվա վճիռը ուղղակի ապացուցեց այն փաստը, որ նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է և ենթարվում է քաղաքական հետապնդման նոր իշխանությունների կողմից: Կարծում եմ՝ դա արդեն ակնհայտ է, և մի փաստ է, որն ապացուցման կարիք չունի: Դուք տեսնում եք, որ չունենալով նախագահ Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք, չունենալով նույնիսկ ոչ թե իրավական դաշտում, այլ տրամաբանական դաշտում որևէ հիմք, այնուամենայնիվ, կալանքը երկարացվում է»,- հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը:

«Սա իսկական քաղաքական վենդետա է և փորձ է քաղաքական կյանքից մեկուսացնել հիմնական օպոնենտին և պարզապես նրան կալանքի ենթարկել՝ վրեժխնդիր լինելով անցյալի մի քանի հարցերի համար»,- նշել է Վ.Սողոմոնյանը: