ԵԽԽՎ նիստի ժամանակ Արցախյան հակամարտության կարգավորմանն անդրադառնալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու լիազորություն ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, սակայն դա չի նշանակում, որ Եվրոպայի խորհուրդը որևէ անելիք չունի հակամարտության գոտում։
«Այս կազմակերպությունը, որ նախանձախնդիր է Եվրոպայում Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին:
ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության զարգացման համար:
Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցում-ներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն:
Բայց խոսքը ԵԽԽՎ անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռեւս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է եւ ոչ թե իրական մարդը:
Եւ այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդի եւ ընդհանրապես Եվրոպայի բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ:
Աջակցե´ք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է Ղարաբաղի քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է քան որեւէ փաստաթուղթ, քան որեւէ քաղաքական կամ խմբային շահ, եւ ես հավատում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով»,- ասաց Փաշինյանը։
0Comments