ԵՄ-ն մտադիր է մերժել Մեյին և Մեծ Բրիտանիային ևս 1 տարով թողնել ԵՄ կազմում

Տուսկը ԵՄ անդամ 27 պետությունների ղեկավարներին ապրիլի 10-ին հրավիրել է համաժողովի, որի շրջանակում որոշվելու է «Բրեքզիթ»-ի նոր վերջնաժամկետը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որը դիմել է Եվրոպական միությանը՝ խնդրելով «Բրեքզիթ»-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից) վերջնաժամկետը սահմանել ընթացիկ տարվա հունիսի 30-ը, մերժում կստանա, գրում է The Guardian-ը:

ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, հակված է Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պահպանել ևս մեկ տարով՝ մինչև 2020թ. մարտը:

Չնայած, որ հուսահատության մեջ ընկած Մեյը ջանք չի խնայել Փարիզին և Բեռլինին համոզելու հարցում, սակայն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ չի հավատում բրիտանացի խորհրդարանականների՝ մինչև հունիսի 30-ը «Բրեքզիթ»-ի վերաբերյալ Բրյուսելի հետ համաձայնեցված համաձայնագիրը վավերացնելու հեռանկարին:

Տուսկը ԵՄ անդամ 27 պետությունների ղեկավարներին ապրիլի 10-ին հրավիրել է համաժողովի, որի շրջանակում որոշվելու է «Բրեքզիթ»-ի նոր վերջնաժամկետը:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ-ն հակված է վերջնաժամկետ սահմանել կա՛մ 2019թ. դեկտեմբերը, կամ 2020թ. մարտի վերջը:

Պարբերականը մանրամասնում է, որ վարչապետ Մեյի թիմում ոմանք արդեն ընդունում են, որ «խաղն ավարտված» է և վարչապետին այժմ դժվար ընտրություն է սպասվում: Հատկանշական է, որ Մեյը չունի սեփական կուսակցության բոլոր անդամների աջակցությունը: