Քրեական հեղինակություն Տարիել Մուլուխովն ազատվել է գաղութից

Նրա հետագա ճակատագիրը իրավապահների իրավասության տակ է

Քրեական հեղինակություն Տարիել Մուլուխովը (Օնիանի), որը հայտնի է որպես «Տարո», ազատ է արձակվել Օրենբուրգի մարզի գաղութից, նրա հետագա ճակատագիրը կորոշեն իրավապահները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով տարածաշրջանի պատիժների կրման դաշնային ծառայության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Այսօր լրացավ նրա պատժի կրման ժամկետը, Տարիել Մուլուխովին ազատ են արձակել գաղութից դատարանի վճռով։ Նրա հետագա ճակատագիրը իրավապահների իրավասության տակ է»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է գերատեսչության ներկայացուցիչը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մուլուխովը կվտարվի ՌԴ-ից, քանի որ ռուսական քաղաքացիություն չունի եւ չմարված դատվածություն ունի առանձնապես ծանր հանցագործության համար։ Մուլուխովը դատապարտվել էր 10 տարվա բանտարկության մոսկվացի գործարարի առեւանգման համար՝ փրկագին ստանալու նպատակով։ Նա պատիժը կրել է Օրենբուրգի մարզի գաղութներից մեկում, հաջողել է երկու ամսով կրճատել ժամկետը։

Գաղութի ներկայացուցիչները «Տարոյին» բնորոշել են որպես չարամիտ կարգախախտ, որն ունի 253 նկատողություն։ Նա հաշվառված է եղել որպես բացասական ուղղվածության խմբավորումների առաջնորդ ու ակտիվ մասնակից, բացասական ազդեցություն է ունեցել մյուս դատապարտյալների վրա եւ անկարգություններ է հրահրել։ Պատիժների կրման դաշնային ծառայությունը նշել է նաեւ, որ Մուլուխովը չի մասնակցել մշակութային միջոցառումներին, գաղութի տարածքի բարելավման աշխատանքներին, ազատ ժամանակ ինքնակրթության չի ձգտել, բայց արտաքին տեսքն ու քնելու տեղը պահել է բավարար վիճակում։

Օնիանին 2006 թվականի մայիսին Իսպանիայում հայտարարվել է միջազգային հետախուզման մեջ՝ հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների լեգալացման գործի հետաքննության շրջանակում։ 2005-ի հունիսին, ոստիկանական «Իշամեղու» գործողության ընթացքում կալանվել է հանցավոր խմբավորման մեծ մասը, որի մեջ էին Իսպանիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ։ Գործողության արդյունքում Իսպանիայի տարածքում կալանվել է 28 մարդ, արգելափակվել է ավելի քան 800 բանկային հաշիվ։ Օնիանիին հաջողվել էր փախչել իսպանական արդարադատությունից։