Փարիզում հարյուրավոր մարդիկ միացել են «Դեղին բաճկոնների» հերթական ցույցին

«Դեղին բաճկոնները» ցույցեր են անցկացնում նաև Նորմանդիայի մայրաքաղաք Ռուանում

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները դուրս են եկել փողոց՝ անցկացնելով 21-րդ ամենշաբաթյա բողոքի ցույցը: 

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, ակցիայի հարյուրավոր մասնակիցներ հավաքվել են Փարիզի Հանրապետության հրապարակի շրջանում: Ֆրանսիական մայրաքաղաքում բողոքի երկու ակցիա է նախատեսված, որոնցից մեկն ստացել է «Հանուն հարկային, սոցիալական և էկոլոգիական արդարության» անվանումը: 

«Դեղին բաճկոնները» ցույցեր են անցկացնում նաև Նորմանդիայի մայրաքաղաք Ռուանում: 

Հիշեցնենք, որ առաջին ցույցը «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցներն իրականացրել են նոյեմբերի 17-ին՝ բողոքելով վառելիքի գնի բարձրացման դեմ: Ցուցարարների մեծամասնությունը վարորդներն էին, որոնք որոշել էին հագնել լուսարձակող բաճկոնները, որոնք յուրաքանչյուր վարորդ պահում է մեքենայում:

Ցույցերի ֆոնին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր վառելիքի գինը չթանկացնելու որոշման, ինչպես նաև իրականացվելիք մի շարք սոցիալ-տնտեսական միջոցառումների մասին, սակայն բողոքի ցույցերը չեն դադարել: Ֆրանսիացիները շարունակում են դժգոհություն հայտնել իշխանությունների սոցիալական քաղաքականությունից: