Արցախը՝ գինեգործության տարածաշրջան

Ստեփանակերտում կանցկացնի արցախյան գինիների համտես

Ստեփանակերտում ապրիլի 7-ին Արցախի «Խաղողագործների ու գինեգործների միավորումը» պաշտոնապես հանրությանը կներկայացնի իր նոր նախագծերը, որոնք ուղղված են աշխարհում Արցախի գինիների ճանաչելիության բարձրացմանը:

Նոր վարելահողերի եւ խաղողի դեռեւս անհայտ էնդեմիկ տեսակների նկատմամբ հանրային հետաքրքրության աճով պայմանավորված, Արցախի Հանրապետությունը համաշխարհային խաղողագործության մշակույթի ասպարեզում իր ամուր դիրքը զբաղեցնելու մեծ հեռանկար ունի:

Ծնունդով Արցախից խաղողի Խնդողնի տեսակն, որը օգտագործվում է հարուստ կարմիր գինիներ արտադրելու համար, բարձր է գնահատվում մասնագետների կողմից: Խնդողնիից պատրաստում են գինիներ, որոնցից ամեն մեկը ունի իր յուրահատուկ համը, կախված վարելահողից (տարածաշրջանից, որտեղից հավաքվել է խաղողը) եւ մշակման գործընթացից:

2019թ. միջոցառումների շրջանակում Արցախի «Խաղողագործների ու գինեգործների միավորումը» ապրիլի 7-ին Ստեփանակերտում կանցկացնի Արցախյան գինիների համտես, որի ընթացքում Արցախի ավելի քան 15 գինեգործներ կներկայացնեն իրենց գինեգործական ձեռնարկություններն ու գինիները: Այն առաջինն է ամենամյա միջոցառումների շարքում, որտեղ յուրաքանչյուր գինեգործ, անկախ գինեգործության ոլորտում ունեցած իր տրամաչափից, հնարավորություն է ստանում աշխարհին պատմելու իր գրանցած հաջողությունների մասին, իր գինիների համար առաջխաղացում ապահովել ու գինեգործության ոլորտի վերաբերյալ տարբեր հարցերի շուրջ խորհրդատվություն եւ օգնություն ստանալ:

Շուկայում առկա արցախյան տարբեր գինիների մասնագիտական գնահատման համար Միավորման հատուկ հրավերով Արցախ է ժամանել «Ռուսական գինիներ» եւ «Հայկական գինիներ» ամենամյա գինու հանրագիտարանի հեղինակ, գինու փորձագետ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր սոմեյլե Արթուր Սարգսյանն, ով արցախյան գինիների «կույր» համտես կիրականացնի, որի արդյունքները կհրապարակվեն միջոցառման պաշտոնական հատվածի ընթացքում:

Խաղողի Խնդողնի տեսակի մշակման իր փորձով կիսվելու համար միջոցառմանը մասնակցություն կունենա նաեւ գինեգործության մարտավարական զարգացման եւ մարքետինգի կառավարման ոլորտում խորհրդատվություն տրամադրող «WineWorks» ընկերության հիմնադիր Վահե Քյոշգուրյանը:

Մասնակիցների շրջանում կլինեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախի հյուրանոցային ու ռեստորանային բիզնես ոլորտի ներկայացուցիչներ եւ գինու գնահատողներ:

«Արցախի Գինիների Համտես»-ի միջոցառումը տեղի կունենա 2019թ. ապրիլի 7-ին, Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն հյուրանոցի հանդիսությունների սրահում: