Մեգան Մարքլն ու արքայազն Հարին Instagram-ում համաշխարհային ռեկորդ են սահմանել

Գինեսի գրքում գրանցված նախորդ ռեկորդը պատկանել է կորեացի երգիչ Կան Դանիելին

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի ինստագրամյան էջը սոցկայքերում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ընդամենը 5 ժամ 45 րոպեում մեկ միլիոն հետևորդ հավաքելով, հաղորդում է BBC-ն:

Գինեսի գրքում գրանցված նախորդ ռեկորդը պատկանել է կորեացի երգիչ Կան Դանիելին, որը նույնքան հետևորդ էր հավաքել 11 ժամ 36 րոպեում՝ իր հերթին առաջ անցնելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսից:

Ներկայում թագավորական զույգի ինստագրամյան էջը 3,3 մլն հետևորդ ունի, իսկ էջի առաջին հրապարակումը՝ դրվագներ պաշտոնական միջոցառումներից, ավելի քան մեկ միլիոն մարդ է հավանել:

Հիշեցնենք, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց ինստագրամյան էջի մասին հայտարարել էին ապրիլի 2-ին: Մինչ այդ զույգի կյանքի հիմնական նորությունների մասին հաղորդվում էր Հարիի եղբոր՝ արքայազն Ուիլյամի և նրա կնոջ պաշտոնական էջում: