Քոնոր Մաքգրեգորը փոխել է որոշումը և հայտարարել, որ մտադիր է վերսկսել մարզական կարիերան

Սպորտից հեռանալու որոշման մասին Քոնոր Մաքգրեգորը հայտարարել էր մարտի 26-ին

Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերում հանդես եկող իռլանդացի բռնցքամարտիկ Քոնոր Մաքգրեգորը փոխել է որոշումը և հայտարարել, որ մտադիր է վերսկսել մարզական կարիերան: Սկանդալային իռլանդացուց պահանջվել է 9 օր որոշումը վերանայելու համար:

«Ուզում եմ երկրպագուներիս հետ միասին առաջ շարժվել: Կարևոր չէ, թե նրանք ինչ կրոն են դավանում և ինչ արմատներ ունեն: Բոլոր կրոններն էլ մեզ կոչ են անում նույնը՝ լինել ավելի լավը: Կհանդիպենք ռինգում»,- թվիթերյան իր էջում գրել է Մաքգրեգորը:

Հիշեցնենք, որ սպորտից հեռանալու որոշման մասին Քոնոր Մաքգրեգորը հայտարարել էր մարտի 26-ին, որից հետո սկսել էր ակտիվ գործունեություն ծավալել սոցիալական ցանցերում: Գրառումներից մեկում նա UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի բռնցքամարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովին անվանել էր «առնետ», հետո վիրավորել դաղստանցի մարզիկի կնոջը՝ համեմատելով նրան սրբիչի հետ:

Նուրմագոմեդովի մենեջերը, իր հերթին, հայտարարել էր, որ նման վարքագծով իռլանդացին նվաստացնում է բոլոր մուսուլմաններին:

Նշենք նաև, որ Մաքգրեգորի և Նուրմագոմեդովի միջև կայացած վերջին մենամարտում հաղթանակ էր տոնել Ռուսաստանի ներկայացուցիչը՝ խեղդող հնարքով: Կարիերայի ընթացքում Մաքգրեգորը հաղթել է 21 անգամ և կրել 4 պարտություն: