Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ բեկում չի արձանագրվել

Դա տրամաբանորեն ենթադրում է թե´ դիպուկահարների հետքաշման, թե´ սահմանային լարվածության թոթափման մասով տարվող աշխատանքների մասին

Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ բեկում չի արձանագրվել. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ակնկալիքն այնպիսին էր, որ առաջին բանակցության ընթացքում ԼՂ-ն որպես բանակցային կողմ ներգրավվելու վերաբերյալ հնչեին տեսակետներ, սակայն տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այդ մասով չկա որևէ դիտարկում», - ասաց Տոնոյանը։

Տոնոյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած եզրույթներից, ինչպես նաև   համանախագահների տարածած հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ գլխավոր շեշտադրումը դրվել է փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ տարվելիք աշխատանքների վրա:

«Դա տրամաբանորեն ենթադրում է թե´ դիպուկահարների հետքաշման, թե´ սահմանային լարվածության թոթափման մասով տարվող աշխատանքների մասին: Եվ ակնկալիքն այնպիսին էր, որ պետք է առաջին բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետությունը որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ հնչեին տեսակետներ, սակայն տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ որևէ դիտարկում չկա այդ մասին: Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել, թե երեք ու կես ժամ տևած հանդիպման ընթացքում ինչ է քննարկվել, բայց զուտ պաշտոնական հաղորդագրությունում այդ մասին որևէ տեղեկատվություն չկա: Եվ այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը դրանից հետո անմիջապես հայտարարում է, որ բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու, դա երկու փաստի մասին է խոսում: Կա´մ քննարկվել է այդ հարցը, բայց արժանացել է Ադրբեջանի բացասական արձագանքին, կա´մ պարզապես Ադրբեջանի նախագահը իրադարձություններից առաջ անցնելով և զուտ կանխարգելելու նպատակով նման հայտարարությամբ է հանդես գալիս»,- նշեց Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ այս փաստը մտահոգիչ է, նաև մտահոգիչ է այն հանգամանքը, որ, ըստ նրա՝ Իլհամ Ալիևը նաև մատնանշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախավերջին հայտարարությունն այն մասին, որ ձևաչափի փոոփոխությունները պետք է քննարկվեն միայն կողմերի հետ:

Տոնոյանը նշեց, որ իրենք հաստատում են այն հանգամանքը, որ առանց Արցախի մասնակցության որևէ հարցի լուծում, կանխորոշում իրենց համար անթույլատրելի է: