Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի հետ

Գործընկերությունն ու մտերմությունը չպետք է լինեն միայն քաղաքական կամ պետական մարմինների մակարդակով

Այսօր Ազգային ժողովում ընդունել են աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ կապերի առանձնահատկությունը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի, քաղաքական ուժերի ու ոլորտային հանձնաժողովների մակարդակով: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նման այցերը լրացուցիչ խթան են՝ խորհրդարանական հարաբերությունների ձևաչափում շփումներն ամրապնդելու և փոխըմբռնումը խորացնելու համար:

«Գործընկերությունն ու մտերմությունը չպետք է լինեն միայն քաղաքական կամ պետական մարմինների մակարդակով: Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի հետ», - Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նշել է  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը

Երկու խորհրդարանների պատգամավորների հանդիպումները այնուհետև շարունակվել են մշտական հանձնաժողովներում՝ աշխատանքային քննարկումների ձևաչափով:

Օրվա երկրորդ կեսին «Իմ քայլը» խմբակցության անդամները ոլորտային հանդիպումներ են ունենալու Արցախի Հանրապետության գործադիր իշխանության պատասխանատուների՝ Կառավարության անդամների հետ: