Մադրիդում բնակարանատերերը կարող են զրկվել իրենց բնակարանները վարձակալությամբ տրամադրելու իրավունքից

Մասնագետների գնահատականներով՝ Իսպանիայի մայրաքաղաքում զբոսաշրջիկներին ապօրինի վարձակալության է տրվում 10,5-15 հազար կացարան
Live24.am-ը ներկայացնում է

1

Մադրիդում մոտ 10 հազար բնակարանատերեր կարող են զրկվել իրենց բնակարանները կարճաժամկետ վարձակալությամբ զբոսաշրջիկներին տրամադրելու իրավունքից, գրում է ria.ru-ն:

Իսպանիայի մայրաքաղաքի ասամբլեայի ընդունած նոր օրենքների համաձայն՝ զբոսաշրջիկներին վարձակալությամբ բնակարաններ տրամադրելու արտոնություն կտրվի միայն այն կացարանների տերերին, որոնք ապահովված են առանձին մուտքով, ինչը գործնականում նշանակում է, որ կացարանների սեփականատերերի 95%-ն այլևս չի կարողանա դրանք վարձակալության հանձնել:

Զբոսաշրջային են համարվում այն կացարանները, որոնք տարվա մեջ ավելի քան 90 օրով կարճաժամկետ վարձակալության են հանձնվում:

Մադրիդի իշխանություններն արդեն մի քանի տարի է, ինչ քաղաքում զբոսաշրջիկների զանգվածային կուտակումների հարցը լուծելու համար ծրագրեր են մշակում, ինչի արդյունքում հատկապես քաղաքի կենտրոնում կացարանների տերերը գերադասում են դրանք վարձակալության հանձնել միայն մի քան օրով քաղաքում գտնվող զբոսաշրջիկներին, ինչն էլ իր հերթին հանգեցրել է երկարաժամկետ վարձակալությունների գնի կտրուկ աճի:

Քաղաքի կայուն զարգացման հարցերով խորհրդական Խոսե Մանուել Կալվոյի խոսքով՝ նման օրենքներն անհրաժեշտ են, քանի որ, նրա կարծիքով, զանգվածային զբոսաշրջությունը քաղաքներին շահույթ չի բերում, այլ ընդհակառակը, կրճատում է դրանք:

Մասնագետների գնահատականներով՝ Իսպանիայի մայրաքաղաքում զբոսաշրջիկներին ապօրինի վարձակալության է տրվում 10,5-15 հազար կացարան: