Ըստ Mirror-ի՝ Մխիթարյանը կարող է նաև Թուրքիա տեղափոխվել

«Արսենալի» կիսապաշտպանը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից

armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արսենալը» Մխիթարյանի տրանսֆերի շուրջ պատրաստ է առաջարկներ դիտարկել, որպեսզի մեծացնի ամառվա համար նախատեսված տրանսֆերային բյուջեն և թեթևացնի աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը:

Mirror-ը կազմել է Մխիթարյանի տրանսֆերի հնարավոր քարտեզը` դիտարկելով կարիերայի շարունակության 5 հավանական տարբերակ:

Որևէ չինական ակումբ

Mirror-ի կարծիքով, չինական Սուպերլիգան, որը վերջին տարիներին փոքր-ինչ տարիքով ֆուտբոլիստների շրջանում հայտնի նպատակակետ է դարձել բարձր աշխատավարձերի շնորհիվ, Մխիթարյանի տեղափոխության համար հավանական տարբերակ է, եթե նա ամեն դեպքում հեռանա «Արսենալից»:

Դորտմունդի «Բորուսիա»

«Մխիթարյանը 2016 թվականին հենց «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» ու կարող է վերադառնալ գերմանական ակումբ, եթե ամռանը «Արսենալը» որոշի բաժանվել նրանից»

«Էվերթոն»

«Հիասթափեցնող մրցաշրջանից հետո մերսիսայդցիները կարող են դիտարկել Մխիթարյանի տեղափոխության տարբերակը` հաշվի առնելով նաև նախկինում եղած հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի հանդեպ»

Որևէ թուրքական ակումբ

Mirror-ը կարծում է, որ «Գալաթասարայն» ու «Ֆեներբահչեն» թուրքական այն ակումբներն են, որոնք կարող են իրենց թույլ տալ Մխիթարյանին վճարել այնքան աշխատավարձ, որքան` նա հիմա ստանում է: Հայաստանի հավաքականի 30-ամյա հայ ֆուտբոլիստն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է՝ շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձով:

Որևէ ճապոնական ակումբ

«Անդրեյ Ինյեստան ու Ֆերնանդո Տոռեսը նախկինում հայտնի ֆուտբոլիստներից են, ովքեր վերջին ամիսներին տեղափոխվեցն Ճապոնիա ու Մխիթարյանը ևս կարող է հետևել նրանց օրինակին»,- կարծում է բրիտանական պարբերականը:

Հիշեցնենք` Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ընթացիկ մրցաշրջանում նա Անգլիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: