Բրիտանացի երկու ուսանողներ որոշել են փորձել իրենց ուժերն ու երեք շաբաթով ուղևորվել են Մալայզիայի ջունգլիներ: Երիտասարդներն իրենց հետ չեն վերցրել ո՛չ սնունդ, ո՛չ հագուստ:
Ինչպես ներկայացնում է The Mirror-ը, 26-ամյա Դենիել Օլիֆին և 27-ամյա Ջեյմս Մոյնիհենն իրենց մոտ ունեցել են միայն կայծքար, մաչետե, մժեղներից պաշտպանվելու հատուկ ցանց, ջրով լի մետաղյա տարա և առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ:
Տղաների մոտ եղած ջուրն ավարտվել է ջունգլի հասնելուց ժամեր անց: Մինչ Մոյնիհենը գնացել է ջրի աղբյուր փնտրելու՝ Օլիֆին գիշերակացի վայր է պատրաստել իրենց համար ու այդ ընթացքում հասցրել է վնասել ձեռքը մաչետեով: Նախ փորձել է սոսնձել վերքի ծայրերը, սակայն այն շարունակել է արյունահոսել:
Արդեն առավոտյան տղաները ստիպված են եղել դուրս գալ անտառից, գտնել առաջին պատահած մեքենան ու հիվանդանոց ուղևորվել: Այստեղ Օլիֆիի վերքին կարեր են դրել, ինչից հետո բրիտանացիները կրկին վերադարձել են խուլ անտառ:
Օլիֆին խոստովանել է, որ ջունգլիներում քնելը շատ վախենալու է, քանի որ ամեն րոպե կարելի է հանդիպել օձի կամ էլ մահանալ ցրտից:
«Հենց այդ պահին հասկանում ես. այո, հենց այսպես են մահանում հիմարները, և նրանց ոչ ոք չի գտնում», - պատմել է երիտասարդը, որը չնայած այդ ամենին՝ չի զղջում կատարած քայլի համար, որը դարձել է նրա կյանքի ամենաոգևորիչ ու գլխավոր արկածը:
Ջունգլիներում գտնվելու ընթացքում տղաները շուրջ 20 կգ քաշ են կորցրել, նրանք հիմնականում սնվել են հատապտուղներով ու միջատներով, երբեմն էլ՝ կորցրել են գիտակցությունը սովից:
Հատկանշական է, որ սա Օլիֆիի կյանքում միակ նման փորձությունը չէ. 2015-ին բրիտանացին ուղևորվել է հեծանվային ճանապարհորդության Սահարայի անապատի ամբողջ տարածքով, այդ ժամանակ նա ստիպված է եղել խմել սեփական մեզը՝ ողջ մնալու համար:
0Comments