Խմելու ջրի զտիչ. անհրաժեշտությո՞ւն, թե՞ քմահաճույք

Փորձագետի խոսքով՝ Հայաստանը այն քիչ երկրներից է, որտեղ ջուր կարելի է խմել ծորակից, եթե, իհարկե, ջրի խողովակները վնասված չեն
ջրի զտիչ

Խմելու ջրի զտիչներն այսօր տարածված են աշխարհի շատ երկրներում, եւ Հայաստանը բացառություն չէ։  Ընդունված է համարել, որ այդ սարքերը մաքրում են ջուրը մեխանիկական, չլուծվող մասնիկներից, խառնուրդներից, ինչպես նաեւ վիրուսներից, բակտերիաներից ու ծանր մետաղներից։

Արդյո՞ք զտիչներն իրոք անհրաժեշտ են։ Կարելի՞ է արդյոք Հայաստանում ջուր խմել հենց ծորակից։

Դիետոլոգ Գայանե Շախաթունին կարծում է, որ զտիչները ավելի շուտ անհրաժեշտություն են, քան քմահաճույք, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ խողովակներով է գալիս ջուրը՝ մինչեւ բնակարաններ հասնելը, եւ ինչով է վարակվել ճանապարհին։ Հայաստանում շատ խողովակներ հին են եւ չեն նորոգվել տասնամյակներ, դրա համար չի բացառվում, որ ջրում, երբ այն հոսում է այդ խողովակներով, կարող են հայտնվել ծանր մետաղներ, ավազ եւ այլ խառնուրդներ, որոնք խմելը խիստ անցանկալի է։

Դիետոլոգի խոսքով, եթե խմելու ջրի զտիչներ տանը չկան, ծորակի ջուրը կարելի է լցնել ապակե տարայի մեջ եւ թողնել որոշ ժամանակ. քլորն այդ ընթացքում ջրից կցնդի, իսկ ծանր մետաղները եւ այլ խառնուրդները կնստեն տարայի հատակին։ Կարելի կլինի խմել ջրի վերեւի մասը, իսկ վերջին 100-200 միլիլիտրը ավելի լավ է թափել, չէ՞ որ «ավելորդ» ամեն բան, ամենայն հավանականությամբ, կուտակվել է հենց այդտեղ։

Ջրի խնդիրների փորձագետ Քնարիկ Հովհանիսյանն իր հերթին նշել է, որ ջուրը Հայաստանում, նրա կարծիքով, որակյալ է, եւ եթե խողովակները վնասված չեն, ոչ մի ավելորդ խառնուրդ դրանում չպետք է լինի։ Փորձագետի խոսքով՝ Հայաստանը այն քիչ երկրներից է, որտեղ ջուր կարելի է խմել ծորակից, եթե, իհարկե, ջրի խողովակները վնասված չեն։

Ինչ վերաբերում է քլորին, դրա նորմալ պարունակությունը խմելու ջրում՝ մեկ լիտրում 0.3 միլիգրամ է. եթե քլորը հենց այդքան է, ապա վախենալու եւ այն «քամուն տալու» անհրաժեշտություն չկա։

Եռացրած կամ սառեցրած ջուր խմել երկու մասնագետն էլ խորհուրդ չեն տալիս, քանի որ թե՛ եռացնելուց եւ թե՛ սառեցնելուց հետո ջուրը փոխում է իր հատկությունները։