ՀՀ կառավարության հետ ոչ ոք սպառնալիքներով չպետք է խոսի. Էրիկ Գրիգորյանը՝ «Լիդիան»-ի հայտարարության մասին

ՀՀ կառավարությունն իրականացնում է այն բոլոր պատշաճ քայլերը, որի շրջանակներում պետք է իրականացնի ՀՀ շահը

Ես կարծում եմ` ՀՀ կառավարության հետ ոչ ոք սպառնալիքներով չպետք է խոսի. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Լիդիան» ընկերության հայտարարությանը, թե պատրաստվում է միջազգային արբիտրաժ դիմել ՀՀ կառավարության դեմ:

«Հայտարարության մասին լսել ենք, և կառավարությունը համապատասխան քայլեր իրականացնում է։ Քայլերն այն են, որ իրավական գործընթացի հետ կապված եթե կարող են լինել ռիսկեր՝ արբիտրաժային գործընթացի գնալու, ապա կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պետք է իրավական ապահովությունը պաշտպանի»,-ասաց նա: 

Հարցին, թե իր տեսակետը ո՞րն է, կա քրեական գործ, նախարարը պատասխանեց, որ քրեական գործն ընթանում է: «Գիտեք նաև, որ ներգրավված է միջազգային փորձագետ, որի համար կառավարությունը բավական գումար է տրամադրել, և կարծում եմ, որ «Լիդիանի» ներկայացուցիչները պետք է նույնպես ըմբռնումով մոտենան, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի առավելագույն ռիսկերը գնահատի կապված փորձաքննական գործընթացի հետ»,-ասաց նա: 

Նախարարն ասաց, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է այն բոլոր պատշաճ քայլերը, որի շրջանակներում պետք է իրականացնի ՀՀ շահը։ Նա շեշտեց, որ իրենց ներդրումների չափը, ըստ իրենց տվյալների, 500 մլն դոլարի է, իսկ ըստ իրենց տված տվյալների՝ պաշարները, որտեղ հաստատված են ոսկին և արծաթը, 2,5 մլրդի դոլարի չափ են: