Նազարբաևի կարծիքը գերակա է լինելու ռազմավարական որոշումներ ընդունելիս. Տոկաև

Պլանավորում եմ՝ իմ գիտելիքներն ու փորձը ուղղել Էլբասիի ռազմավարական կուրսի հաջորդայնության ըստ ամենայնի ապահովմանը

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը պաշտոնամուտից հետո հայտարարել է, որ երկրի առաջին նախագահի՝ Էլբասի (ազգի առաջնորդ) Նուրսուլթան Նազարբաեւի կարծիքը գերակա նշանակություն է ունենալու երկրի համար ռազմավարական բնույթի որոշումներ ընդունելիս, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Էլբասիի հեղինակավոր կարծիքը առանձնահատուկ, կարելի է ասել՝ գերակա նշանակություն է ունենալու ռազմավարական բնույթի որոշումներ մշակելիս եւ ընդունելիս»,-նշել է Տոկաեւը:

Նա նաեւ ընդգծել է, որ խորհրդարանի կողմից ընդունված օրենքների համաձայն, «Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւը միակ ու ցկյանս Էլբասին, ժողովրդի հայրն է մնում մեր երկրում»:

Տոկաեւը նաեւ հայտարարել է, որ Ղազախստանի նախագահի պաշտոնում շարունակելու է Նազարբաեւի քաղաքականությունը:

«Պլանավորում եմ՝ իմ գիտելիքներն ու փորձը ուղղել Էլբասիի ռազմավարական կուրսի հաջորդայնության ըստ ամենայնի ապահովմանը»,-ասել է Տոկաեւը Ղազախստանի ժողովրդին երդում տալուց հետո: