Առանց ՀՀ-ի ՀԱՊԿ-ում որոշում չի կայացվելու». Աննա Նաղդալյան

Քանի դեռ ՀԱՊԿ-ում ամրագրված չէ այդ սկզբունքը, մնացած զրույցների մասին խոսքը դեռևս ավելորդ է ՀՀ-ի կողմից

«Առանց ՀՀ-ի ՀԱՊԿ-ում որոշում չի կայացվելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ առկա խնդրին և դրա հանգուցալուծման հնարավոր ժամկետներին:

Աննա Նաղդալյանը նշեց, որ թեմայի շուրջ ՀՀ վարչապետը նախօրեին խոսել է՝ ասելով, որ առանց ՀՀ-ի որևէ որոշում չի կայացվելու:

Նաղդալյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա:

«Մենք մշտապես ընդգծել ենք, թե ինչ կարևորություն ունի ՀԱՊԿ-ն ՀՀ անվտանգության համակարգում: Հենց դրանից է, որ մենք քայլեր ենք ձեռնարկում բոլորի հետ համագործակցությամբ կառույցի արդյունավետության բարձրացման ուղղցությամբ: Քննարկումները գլխավոր քարտուղարի թեկնածության և սկզբունքի շուրջ շարունակվում են, պետք է լրացվի բոլոր այն իրավական բացերը, որոնք կան նման իրավիճակների հետ կապված:

Թե երբ կավարտվի այդ ամենը, չեմ կարող ասել, բայց քննարկումները շարունակվում են»,-ասաց Նաղդալյանը:

Խոսելով քիչ առաջ ԶԼՄ-ներում տարածված տեղեկության մասին, համաձայն որի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին, Աննա Նաղդալյանն ասաց, որ փաստաթղթերի բուն էությանը ծանոթ չէ, պետք է ճշտի համապատասխան վարչությունից:

«Օգտվելով հարցից՝ ընդգծեմ, որ մեզ համար առաջնայինը սկզբունքի ամրագրումն է, փաստաթղթերի ստացումը պետք է հստակեցնեմ, քանի դեռ ամրագրված չէ սկզբունքը, թե ինչպես լրացնել այդ իրավական բացը նման իրավիճակների համար, մնացած զրույցների մասին խոսքը դեռևս ավելորդ է մեր կողմից»,- ասաց Աննա Նաղդալյանը: