Google-ը ներկայացրել է Stadia սեփական խաղային սերվիսը

Ընկերությունը տեղեկացրել է, որ խաղերը կաշխատեն ընդհուպ մինչեւ 4K՝ 60 fps (կադրեր վայրկյանում) պայմաններում

Ամերիկյան Google կորպորացիան ներկայացրել է սեփական խաղային սերվիսը խաղերի սթրիմինգի համար, որի անունն  է Stadia։ Դրա օգնությամբ կարել է խաղալ ցանկացած սարքից՝ առանց հզոր ապահովման։ Ընկերությունը հարթակը ներկայացրել է եթերում, Game Developers Conference 2019 կոնֆերանսի շրջանակում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես ասել է Google-ի տնօրեն Սունդար Փիչաին, ընկերության նպատակն էր «ստեղծել խաղային հարթակ բոլորի համար»։

Սթրիմինգային սերվիսի շրջանակում խաղերը պահվում են Google-ի ամպային պահոցներում, եւ նրանց համար հատուկ հզոր ապահովման սարքեր չեն պահանջվում։ Ընկերության ամպային խաղերի բաժանմունքի տնօրեն Ֆիլ Հարիսոնը կոնֆերանսում տեղեկացրել է, որ այս հարթակի խաղերը հասանելի կլինեն ցանկացած համակարգչով, հեռախոսով, պլանշետով եւ հեռուստացույցի կցորդիչով։ Ընդ որում՝ բոլոր էկրաններին կպահպանվի ամենաբարձր որակ։

Խաղն սկսելու համար պետք չէ այն ներբեռնել ու տեղադրել, խաղն անմիջապես հասանելի է դառնում հենց YouTube-ից, կարելի է բացել խաղի թրեյլերը, սեղմել հղումը եւ սկսել խաղալ։ Ընդ որում՝ խաղը կարելի է շարունակել այլ սարքից, այն նույն տեղից, որտեղ կանգ եք առել։

Հարիսոնը նաեւ ներկայացրել է Stadia գեյմփադը, որը միանում է Wi-Fi սարքին։ Հարթակի օգտագործման համար այն անհրաժեշտ չէ, կարելի է միացնել այլ ընկերությունների սարքեր։ Օրիգինալ գեյմփադի վրա կա կոճակ՝ Google Assistant-ի համար, ինչպես նաեւ կոճակ սքրինշոթ ստեղծելու եւ YouTube-ում ուղիղ հեռարձակման համար։

Ընկերությունը տեղեկացրել է, որ խաղերը կաշխատեն ընդհուպ մինչեւ 4K՝ 60 fps (կադրեր վայրկյանում) պայմաններում, նախատեսվում է խաղերի սթրիմինգը հասցնել 8K-ի։

Wired պարբերականի տվյալներով՝ Հարիսոնը տեղեկացրել է, որ հարթակի գործարկումը նախատեսված է 2019-ին, այն կթողարկվի ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական երկրներում։