Տնտեսվարողները մտադիր են այսօր շրջափակել ՀՀ կառավարության շենքը

Տնտեսվարողները ապշած են նաև իրենց խորհրդարանական ընդիմություն հռչակած Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժի վերաբերմունքից

Այսօր Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ցույցը կլինի. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների դեմ ընդվզող տնտեսվարողները պատրաստվում են շրջափակել կառավարության շենքը:

Այսօր ժամը 10-ին կայանալիք հավաքի պահանջը լինելու է բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ասում են այնքան ժամանակ կխմբվեն շենքի դիմաց, մինչև գործադիրի ղեկավարը պատասխանատվություն կզգա իր քաղաքական ուժի՝ ընտրազանգվածի  նկատմամբ:

Ի դեպ, նրանք պատրաստվում են մերժել ցանկացած այլ իշխանավորի հետ հանդիպման առաջարկը, եթե նույնիսկ նա լինի օրենքի նախագծի հեղինակ ԿԲ-ի կողմից:

Գրավատների ու տարադրամի փոխանակման գործունեությամբ զբաղվողներին բորբոքել է  Նիկոլ Փաշինյանի անտարբերությունը  ավելի քան 360 տնտեսվարողների բարձրացրած բողոքի նկատմամբ:

Իսկ վարչապետ Փաշինյանի անտարբեր լինելն, իրենց խոսքով, դրսևորվել է երեկ՝ լրատվամիջոցների հետ հրավիրած ասուլիսում, երբ տնտեսական հեղափոխություն խոստացող վարչապետը հարկ չի համարել անդրադառնալ մի քանի հարյուր ձեռնարկատիրոջ առաջ ԿԲ-ի դրած «չոր պայմանին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությունն այս ամենին բողոքի դուրս եկող անձինք արձանագրել են նաև երեկվա Կառավարությունից ստացած զանգի ժամանակ:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը երեկ  զանգահարել էր կառավարության առաջարկած փոփոխությունները մերժող տնտեսվարողներին և հայտնել, որ Կառավարությունում ավարտվել են տնտեսվարողների խնդիրների շուրջ խոստացված քննարկումները, իսկ պատասխանը հիասթափեցնող է, քանի որ  բանկերի շահերն ամրապնդող Կենտրանական բանկի (ԿԲ) ներկայացուցիչը միանգամից մերժել է քննարկել տնտեսվարողների կողմից ներկայացված առաջարկությունները և դեմոստրատիվ կերպով պնդել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ առաջարկող նոր օրենսդրական նախագիծը քննարկման ենթակա չէ:

Ի դեպ, տնտեսվարողները ապշած են նաև իրենց խորհրդարանական ընդիմություն հռչակած Էդմոն Մարուքյանի գլխավորած քաղաքական ուժի վերաբերմունքից:

Ասում են՝ իրենց համար հասկանալի չէ նաև «Բարգավաճ Հայաստանի» զգուշավոր լռությունը, մինչդեռ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն վերջին շրջանում  իր ելույթների 30  րոպեն ավանդաբար նվիրում է ՓՄՁ-ների շահերից խոսելուն ու «դրանով թրենդի մեջ է պահում իրեն»:

Տնտեսվարողները հիշում են, թե ինչպես էին ժամանակին՝ ՓՄՁ-ների շրջանառության հարկի շեմը փոփոխելու նախկին իշխանության քայլերի դեմ ակտիվանում ԲՀԿ-ական պատգամավորները, ամեն անգամ վազում-միանում էին կառավարության շենքի մոտ բողոքի դուրս եկած ձեռնարկատերերին, և աջ ու ձախ հարցազրույցներ տալով փորձում եին սեփականաշնորհել ՓՄՁ-ների ինքնուրույն վաստակած հաջողությունը:

«Այսօր Միքայել Մելքումյանը բավարարվել է մեկ հարցազրույցով, նույնը Մարուքյանի դեպքում ենք հիշում, իբր սպասում են նախագիծը մտնի ԱԺ, նոր հակազդեն իրենց ակտիվ քննարկումներով: Բայց իշխող ուժն արդեն իսկ ցույց է տալիս իր վերաբերմունքը, իսկ մենք չգիտենք, թե ում վստահենք»,- օրենդիրի անտարբերությունից վիրավորված 168.am-ի հետ զրույցում նշում են այսօր բողոքի ցույցի դուրս եկող տնտեսվարողները:

Հիշեցնենք, խնդրո առարկան մարտի 7-ին կառավարության նիստի ժամանակ առաջարկված նոր օրինագիծն է, համաձայն որի՝ իշխանությունն առաջարկում է  կտրուկ բարձրացնել պետտուրքը գրավատների ու փոխանակկան կետերի համար:

Տնտեսվարողները պնդում են, որ այս տարբերակված մոտեցումով բացահայտ պաշտպանում են բանկերի ու խոշոր վարկային ընկերությունների շահերը՝ առաջարկելով  նրանց հարկերը ընդամենը երկու-երեք անգամ բարձրացնել:

Ըստ այդմ՝ վերանայված «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունն հաստատելու դեպքում արտարժույթի փոխանակման կետերի համար այսօրվա տարեկան միանվագ 50 հազար դրամ պետտուրքը կդառնա 3 միլիոն դրամ, գրավատների՝ ներկայիս 100 հազար դրամ պետտուրքը՝ 6 միլիոն դրամ, իսկ վարկային կազմակերպությունների պարագայում գործող 3 մլն դրամի փոխարեն կգանձվի 7 մլն դրամ պետտուրք: