Ղազախստանի նորանշանակ նախագահն առաջարկել է երկրի մայրաքաղաքն անվանափոխել Նուրսուլթան

Այս առաջարկն արդեն արվել էր Ղազախստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի կապակցությամբ օրենսդիրների կողմից 2016թ. նոյեմբերի 23-ին ընդունված հռչակագրում

Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել է մայրաքաղաք Աստանան անվանակոչել ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Այս մասին հայտնում է tengrinews.kz կայքը:

«Հարկավոր է մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի անունն անմահացնել հետևյալ կերպ` մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունն ու կոչվի Նուրսուլթան: Կցանկանայի հավելել, որ այս առաջարկն արդեն արվել էր Ղազախստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի կապակցությամբ օրենսդիրների կողմից 2016թ. նոյեմբերի 23-ին ընդունված հռչակագրում»,-նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ասել է Տոկաևը: