Հունաստանը վրդովված է Էրդողանի հայտարարություններից

Գյավուրներ ասելով՝ Էրդողանը նկատի է ունեցել հույներին

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Բանն այն է, որ Էրդողանն Իզմիրում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, թե 20-րդ դարասկզբին քեմալական շարժման ընթացքում, երբ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի զորքերը պայքարում էին Իզմիր քաղաքի համար, «գյավուրները (անհավատները) շպրտվեցին ծով»: Գյավուրներ ասելով՝ Էրդողանը նկատի է ունեցել հույներին։

Այդ կապակցությամբ Հունաստանի արտգործնախարարությունը, դատապարտելով և անընդունելի համարելով Էրդողանի հնչեցրած այդօրինակ որակումները, նշել է, որ նմանատիպ հայտարարությունները վնաս են հասցնում թուրք-հունական հարաբերություններին։ Ըստ Հունաստանի ԱԳՆ-ի՝ այդ կերպ Թուրքիայի նախագահը պարզապես փորձում է ձայներ կորզել առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) համար: