Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով

Գործընթացը փուլային է լինելու ամեն տեղ

«Ամեն շաբաթ կամ կիրակի օրս սկսում եմ աղբավայր այցելելուց, որպեսզի տեսնեմ այնտեղ խնդիրներ կան, թե ոչ»,- ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այնտեղ տոկոսային հարաբերակցությամբ բավականին ուժեղ «դիք» կա, որը մեքենաները չեն կարողանում բարձրանալ։ Այսօր «Սանիթեքն» ունի 230 ձիաուժ հզորությամբ մեքենաներ, որոնք ուղղակիորեն չեն կարողանում բարձրանալ այդ մասով, և խնդիրներ են առաջանում։ Այնտեղ այլընտրանքային ճանապարհ կա, որով իրենք ստիպված գնում են և վնասվում։

Այնպես որ, դառը փորձը կա, և մենք գիտակցում ենք, թե մեզ ինչ տեխնիկա է պետք։ Այլապես, եթե տեխնիկական բնութագիրը կապ չունի, այդ դեպքում ուղղակի կգրեինք՝ «Մեզ աղբահանության համար մեքենաներ են պետք» և վերջ՝ ով ինչ ուզում է, թող բերի, ամենաէժանը կհաղթի։ Բայց այդպես չէ։ Եղել է բողոք, և այդ բողոքը քննող անձը բավարարել է բողոքը։ Մենք դիմել ենք դատարան, որպեսզի ապացուցենք, որ ճիշտ ենք», - ասաց Մարությանը։

Ինչ վերաբերում է Oպերայի հարակից տարածքի սրճարաններով ապամոնտաժման աշխատանքները  սահմանափակելու հարցին, նա ասաց. «Նորից կրկնեմ, չեմ զլանա, այո, չենք սահմանափակվելու միայն Oպերայի հարակից տարածքով: Ասեմ ավելին, Oպերայի հարակից տարածքի մի հատվածն է այս պահին: Գործընթացը փուլային է լինելու ամեն տեղ, որպեսզի նաև տնտեսվարող սուբյեկտները շատ մեծ վնասներ չկրեն։ Սա լինելու է հետևողական աշխատանք»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև համատիրություններից՝ նշելով, թե «այստեղ, կարծես թե, իրավիճակ չի փոխվել, երբ եք զբաղվելու այս հարցով»։

Սրան ի պատասխան քաղաքապետն ասաց. «Այստեղ մեր զբաղվելիքն ուղղակի համակարգելն է, բայց իրականում այդ համատիրությունները կազմում են հենց իրենք բնակիչները, և իրենք՝ բնակիչները, պետք է համախմբվեն, դուրս գան այդ համատիրություններից, ստեղծեն նոր համատիրություն։ Չեմ ասի, որ օրենքն էլ լիարժեք լավ վիճակում է, բայց անգամ գործող օրենսդրությամբ կարելի է ինստիտուտն աշխատացնել։ Այսօրվա դրությամբ կան համատիրություններ, որոնք իդեալական աշխատում են»։