Որը կլինի Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգը

Այն պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում սպասվող հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությունն ու դրան հաջորդած քննարկումները հակամարտող երկրներում շարունակվում են:

Եռանախագահները, մասնավորապես, կողմերին հորդորել էին «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման՝ պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն, կամ ցույց են տալիս պատրաստակամություն՝ վերսկսելու ռազմական գործողությունները»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև առաջին անգամ ներկայացրին կարգավորման այն հիմքը, որը դրված է բանակցային սեղանին, այն է՝ Մադրիդյան սկզբունքները: Եռանախագահները նշել էին Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների մասին՝ շեշտելով, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:

«Այն պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար` անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրմամբ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն»,- ասվում է համանախագահների ծավալուն հայտարարության մեջ:

«168 Ժամի» հետ զրույցում ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարդ բնույթի հետ մեկտեղ՝ Հարավային Կովկասը խնդրահարույց և հակամարտային հարևանության մեջ է, որն այս հակամարտությունը կարգավորելու համար հավելյալ խնդիրներ է ստեղծում: Բայց, նրա խոսքով, որքան էլ կողմերը դժգոհ լինեն ԵԱՀԿ ՄԽ ջանքերից, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում միջնորդները կարողացել են աշխատել, չնայած գլոբալ հարցերում ունեցած տարաձայնություններին:

Բանախոսի համոզմամբ, համանախագահները շարունակում են արդյունավետորեն իրականացնել իրենց միջնորդական առաքելությունը՝ ժամանակին տարածելով նման հաղորդագրություն: «Այն քննարկումների առիթ դարձավ, քանի որ կողմերին զսպող դերակատարություն ուներ, քանի որ խոսվեց Մադրիդյան սկզբունքների մասին, հասարակությունները սկսեցին մտածել կարգավորման այս տարբերակի մասին: Սա դիսկուրս ծավալեց նաև հասարակությունների շրջանում, քանի որ մինչ սա՝ հասարակությունների համար այս քննարկումները վարագույրի ետևում էին, և չկար հստակ պատկերացում, թե ինչ է քննարկվում բանակցային սեղանին:

Ներկայումս հստակ ներկայացվել է, և կողմերը կարող են արդեն գալիք հանդիպման ժամանակ իրենց դիրքորոշումը հայտնել այս հրապարակային հստակեցման վերաբերյալ: Կարող են դեմ կամ կողմ լինել: Սակայն այս քննարկումները նման հրապարակային ձևով դրական են անդրադառնում գործընթացի վրա և փակում են շահարկումների «դուռը»:

Հետաքրքրական հանգամանք էր նաև այս փուլում բանակցություններին Արցախի մասնակցության հարցին նրանց անդրադարձը, որը կարող է երկակի մեկնաբանությունների առիթ տալ: Սակայն նրանք փորձել են արձանագրել այն դիրքորոշումը, որն ունի Ադրբեջանը` դեմ է եռակողմ ձևաչափին ներկայումս, և, եթե համանախագահները չարձանագրեն, չհորդորեն կողմերին շարունակել նախկին ձևաչափով, բանակցությունները պարզապես գուցե չշարունակվեն: Ուստի այս ամենը պետք է դիտարկել բանակցությունների շարունակականության ապահովման տեսանկյունից: Կարծում եմ` առաջիկա առաջին պաշտոնական հանդիպումը ղեկավարների միջև շատ հարցերի կպատասխանի, սակայն ներկայումս չկան հիմքեր՝ կարծելու, որ կողմերը՝ թե փոքր, թե մեծ հարցերում, կոնսենսուսի են հանգելու»,- ասաց Սթրոնսկին:

Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով, թե՛ բանակցային հիմքը, թե՛ ձևաչափը վերանայման կարիք ունեն, և ժամանակ կպահանջվի այդ հարցերում կողմերի դիրքորոշումները միմյանց մոտեցնելու համար:

«Չենք կարող պնդել, որ ՄԽ-ն դեմ է Արցախի մասնակցությանը բանակցություններին, քանի որ կա համաձայնագիր, որ այս հակամարտությունն ունի երեք կողմ, պարզապես այս փուլում դեռ նպատակահարմար չէ այդ մասին խոսել: Մյուս կողմից՝ ՄԽ-ն խոսում է առանց Արցախի Մադրիդյան սկզբունքների մասին, որը ևս հասկանալի չէ, քանի որ Արցախը, մեղմ ասած, խնդիրներ է տեսնում այս սկզբունքների հարցում: Ուստի միամտություն է մտածել հակամարտությունն առանց Արցախի կարգավորելու ցանկության մասին, պարզապես ԵԱՀԿ ՄԽ-ն իրականացնում է իր գործառույթը` փորձում է կողմերի համար հող նախապատրաստել առանց խնդիրների երկխոսության համար»,- ասաց Սթրոնսկին:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների դիրքորոշմանը` ամերիկացի վերլուծաբանն ասաց, որ ԱՄՆ-ը ցանկանում է կայունություն այս տարածաշրջանում, որտեղ իր շահերը երկրորդական բնույթ են կրում: Ըստ նրա, ներկայումս ԱՄՆ-ին տարածաշրջանին առարկայականորեն կապողն Իրանի հարցում քաղաքականության խնդիրն է, որով պայմանավորված էր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան:

«Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա այս հարցում ոչինչ չի փոխվել` ԱՄՆ-ը՝ Ռուսաստանի հետ միասին, փորձում է կառավարել հակամարտությունն իր միջնորդական ջանքերով: Դա ավելի հաճախ ստացվել է, քան ձախողվել, թեև կարծիքներ կան, որ ԱՄՆ-ՌԴ առճակատումն էական վնաս է հասցրել այդ աշխատանքին: Ես համամիտ չեմ»,- ասաց Սթրոնսկին:

Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում անդրադառնալով Արևմուտքի դիրքորոշմանը՝ ասաց, որ Արևմուտքը դեմ էր նախապայմաններին, այդ թվում՝ Արցախի մասնակցությանը բանակցություններին, հասկանալով, թե այդ պահանջն ինչ խնդիրներ է ստեղծելու առաջիկա հանդիպման ընթացքում: «Ինչպես տեսնում ենք, հայկական կողմը չի հրաժարվել իր այդ պահանջից, բայց կարող է շարունակել բանակցել, քանի դեռ այդ հարցում համաձայնություն չկա կողմերի միջև:

Ի վերջո, այսօր Հայաստանը խոսում է նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին, որոնք, կարծում եմ, թարմացվեցին՝ կրկին քննարկումների օրակարգ վերադարձնելու նպատակով, քանի որ Մադրիդյան սկզբունքները բանակցելու ցանկություն չկա: Պատահական չեն այս գաղափարները հայտնվում և անհետանում: Հայկական կողմը հույս ուներ, որ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու պահանջները լրջորեն կդիտարկվեն համանախագահների և Ադրբեջանի կողմից, իսկ քանի որ հասկանալի դարձավ, որ դա ներկայումս հնարավոր չէ, և խոսք է գնում Մադրիդյան սկզբունքների մասին, հայկական կողմը հիշեց Վիեննայի պայմանավորվածությունների մասին, որոնք նոր իշխանությունները չէին հիշատակել, քանի որ փորձում էին սեփական օրակարգը ձևավորել Դուշանբեի համաձայնության հիման վրա:

Բայց սա այն հակամարտությունն է, որի ուղղությամբ հակամարտող երկրները շարունակում են իրենց քաղաքականությունը՝ անկախ իշխանության գլխին հայտնված անձերից: Չնայած համանախագահների հայտարարությանը, կարծում եմ` առաջիկա հանդիպումը հենց այս մերժված հարցերի շուրջ քննարկումներ է ծավալելու» ,- ասաց նա: