Մեզ համար անկախ պետականությունը գերագույն արժեք է

Դավիթ Բաբայանն արձագանքել է Արցախի մանդատը ՌԴ-ին հանձնելու մասին Սամվել Բաբայանի հայտարարությանը

 

Մեզ համար անկախ պետականությունը գերագույն արժեք է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե Արցախը պետք է դրվի Ռուսաստանի մանդատի ներքո: 

«Արցախի կարգավիճակի և ապագայի նկատմամբ մենք ունենք հետևյալ տեսլականը, և ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն այս տեսլականի կրող է. մեզ համար անկախ պետականությունը, մեր անկախ հայրենիքը գերագույն արժեքն են, ընդ որում, երբ որ ասում ենք անկախ պետություն, պետք է հասկանանք մեկ բան, որ մենք ունենք երկու պետություն, բայց մեկ հայրենիք: Այսինքն՝ անկախ պետություն ասելիս դա վերաբերում է և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի Հանրապետությանը, սա մեր գերնպատակն է: Հետևաբար, երբ որ ասում ենք՝ վերադարձ չկա անցյալի կարգավիճակին, սա առհասարակ ենք ասում, ոչ միայն Ադրբեջանի պարագայում»,-ասաց նա: 

Նշենք, որ Սամվել Բաբայանը նշել էր, որ աշխարհում սուր խնդիրները լուծվում են մանդատային ճանապարհով։ «Ասենք, եթե Կովկասը համարում ենք Ռուսաստանի տիրույթի տակ, ինքն ա այստեղ իշխողը, մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծագրում ա մի հատ քարտեզ, որոնք որ էդ մարդիկ կամաց-կամաց զարգանում են: Ես գտնում եմ, որ պետք է լինի մանդատային տարածք։ Հակառակ դեպքում մենք խնդիրն Ադրբեջան-Հայաստան կամ Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությամբ այդ խնդրի լուծումը չկա»,-նշել է նա: 

Ըստ Բաբայանի՝ այլ խնդիր է, որ պետք է նաև ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել. «Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին, ապա մենք բազմիցս նշել ենք, որ ՌԴ-ն մեզ համար բարեկամական, եղբայրական երկիր է բազմաթիվ պատճառներով. նախևառաջ այնտեղ մեծաթիվ հայկական համայնք կա, երկրորդ՝ մեզ կապում են դարավոր եղբայրություն, բարեկամություն, տնտեսական, մշակութային տարբեր կապեր և այլն: Ի վերջո, նաև ՌԴ-ում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը աշխարհում, և մենք պարտավոր ենք ունենալ լավ հարաբերություններ այդ երկրի հետ, և սա հրամայական է բոլորի համար: 

Բայց միաժամանակ մենք պետք է բազմավեկտոր քաղաքականություն վարենք և բարիդրացիական հարաբերություններ ունենանք նաև մյուս երկրների հետ, որտեղ կա հայկական սփյուռք, որոնց հետ ունենք աշխարհաքաղաքական շահեր՝ չմոռանալով՝ ում հետ ենք սահմանակից, գիշատիչ Թուրքիայի և Ադրբեջանի, ցեղասպան երկրների, միշտ դրա մասին ասել ենք և դրա մասին ասելու ենք, որովհետև ճիշտը դա է, ոչ թե ընկնենք ինչ-որ պոպուլիզմի հետևից. մեկը սա է ուզում, մյուսը՝ սա, Արցախի պետականությանն այլ տարբերակ չկա»,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի այն դիտարկմանը, որ Մադրիդյան սկզբունքներից պետք է անհապաղ հրաժարվել, դա չի կարող լուծել հարցը, դա ուղղակի վիժեցում է ու կբերի պատերազմ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ պատերազմի նույն վտանգը եղել է 1991թ.-ին և դրանից հետո: 
«Իհարկե, պատերազմի վտանգ կա նույնիսկ ԱՄՆ-ի համար, մի՛ մոռացեք՝ այնպիսի իրավիճակ է եղել, որ աշխարհի գերտերության վրա ահաբեկիչներն են հարձակվել, կամ Ռուսատանի դեմ, ինչ է, պատերազմ չի՞ ընթանում ահաբեկիչների կողմից, քանի ահաբեկչական գործողություններ են եղել: Պատերազմի վտանգը չի նշանակում, որ պետք է անկախ պետականությունից և պետությունից հրաժարվել»,-ասաց նա: 

Այդուհանդերձ Բաբայանը նշեց, որ Արցախը ժողովրդավարական երկիր է, որտեղ խոսքի և մտքի ազատությունը սահմանադրական և պետականաշինության կարևորագույն հիմքերից մեկն է, ուստի ցանկացած անձ, քաղաքական գործիչ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ: «Սամվել Բաբայանն այդ հայտարարությունն արել է, դա իր իրավունքն է ու իր տեսլականն է»,-նշեց նա: